Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Արմեն Արտավազդի Ամիրյանին և Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում Արմեն Ամիրյանի երկարամյա աշխատանքային փորձը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, Ավթանդիլ Գրիգորյանի՝ լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում ու մամուլում նրա աշխատանքային փորձը և մասնագիտական կարողությունները:
***
Արմեն Արտավազդի Ամիրյան
(Կենսագրական համառոտ տվյալներ)
Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ին Երևանում։
Կրթություն
Միջնակարգ կրթությունը՝ սովորել է Նար-Դոսի անվան համար 14 միջնակարգ դպրոցում։
Բարձրագույն կրթությունը՝ 1985-1991թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ կուլտուրայի ֆակուլտետում (Յուրի Երզնկյանի, հետագայում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում):
Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ:
1986-1988թթ ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատանքային գործունեություն
1984 թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում՝ որպես ռեժիսորի օգնական։
1985-1997թթ. տեղափոխվել է հաղորդավարական բաժին: Հեռուստատեսությունում աշխատանքի տարիներին հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոներին նվիրված պաշտոնական միջոցառումներ։
1996թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը:
1996թ. հիմնել է «Արմենակոբ» մշակութային կենտրոնը:
1997թ.-ից մինչև 07.12.2015թ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։
2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
2010թ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
2010-2013թթ. ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։
2006թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2015թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: