Այլ անձի փոխարեն քվեարկելու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և քվեարկել եղբոր փոխարեն։ Նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանի կողմից, ինչի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանության Վայքի բաժնում:

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

08.12.2015թ. Վ.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դեկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել ցուցմունքներ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել