Քրեական դատավարությունը պետք է լրագրողի կողքով անցնի. Արա Ղազարյան

Մեր երկրում էլեկտրոնային վարչարարությունը 5 տոկոսով է իրականացվում: Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից կազմակերպված «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» կոնֆերանսին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նա հիշեցրեց կառավարության N 1204-Ն որոշման մասին, որը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից և որով խորացվում է էլեկտրոնային վարչարարությունը և նոր հնարավորություններ են ստեղծվում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Բացի այդ, պարոն Ղազարյանն անդրադաձավ ՍԴ-ի N-1234 որոշմանը, որով ՍԴ-ն սահմանել էր, որ տեղեկատվության աղբյուրը դատարանի որոշմամբ կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար:

«Որոշմամբ գրեթե տեղ չի թողել ՍԴ-ն, որ ստիպված է քննիչը օգտագործել ու բացահայտել լրատվամիջոցի աղբյուրը: Փաստերով պետք է հիմնավորվի, որ հանրային, քրեաիրավական կենսական շահը ավելի կարևոր է: Ինչպիսի՞ հանցագործություն պետք է լինի, որ իսկապես հանցագործության կենսական շահ լինի, դա պետք է լինի ահաբեկչություն: Քննիչն ամեն դեպքում պետք է միջնորդության մեջ հիմնավորի, որ սպառվել են բոլոր միջոցները, ուստի հարկավոր է լրագրողի միջոցով տեղեկատվության աղբյուրը բացահայտել»,- ասաց պարոն Ղազարյանը:

Այնուհետև միջազգային իրավունքի մասնագետը խոսեց Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածից` սուտ մատնության մասին, հոդվածում ասվում է. «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Ըստ բանախոսի` ներկայումս լրագրողը պոտենցիալ կերպով մտնում է 333 հոդվածի դաշտ, որովհետև Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ հանել է այն դրույթը, որ պետք է անպայման սուտ մատնության մասին հաղորդում տրվի ոստիկանությունում. «Կա անհրաժեշտություն այս հոդվածը կիրառության մեջ դնելու, որովհետև անմեղ մարդիկ են տուժում, բայց ոչ լրագրողների նկատմամբ»,- նշեց իրավաբանը` պնդելով, որ «Քրեական դատավարությունը պետք է լրագրողի կողքով անցնի»:

Պարոն Ղազարյանը խոսեց նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդրից, նա ասաց, որ ներկայումս դատարաններն այնքան ծանրաբեռնված են աշխատում, որ արդեն դատարանի իրավունքի իմաստ չեզոքանում է, նա համեմատական անցկացրեց միջազգային դատական ատյանների հետ. «Օրինակ` Անգլիայում դատավորների թիվը 7-8 անգամ պակաս է միջին եվրոպական թվից, Իսկ Հայաստանում երեք անգամ, միաժամանակ Անգլիայում արտադատարանական լուծման եղանակներն են շատ»,- ասաց իրավաբանը:

Նա գտնում է, որ մեզ մոտ նույնպես կզարգանան արտադարանական մեխանիզմները, օրինակ` արբիտրաժը, հաշտարարների ինստիտուտը, ինչը կթեթևացնի դատական ատյանի ծանրաբեռնվածությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել