Ամուսնու ընտանիքից 255 հազար դոլար հափշտակելու համար հարսը դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման

41-ամյա Հռիփսիմե Խաչատրյանը (անունը փոխված է) դատապարտվել է ամուսնու հարազատներից առանձնապես խոշոր գույք հափշտակելու համար: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Այժմ քննվում է վերաքննիչ դատարանում:

Համաձայն գործի նյութերի, Հռիփսիմեն ամուսնու տանը բնակվելու ժամանակ` 2010-2012 թվականներին, մաս-մաս գաղտնի հափշտակել է ամուսնու ծնողների ոսկյա և թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա և արծաթյա սպասքի պարագաները, որոնց ընդհանուր արժեքը եղել է մոտ 255 հազար դոլար:

Դրանից բացի, Հռիփսիմեն 2012 թվականի հունվարի 20-ին հեռախոսով զրուցել է ամուսնու` Ռուսաստանում ապրող մորաքրոջ հետ, խնդրում պարտքով 4000 դոլար գումար ուղարկել իրեն, ասում, թե ամուսինը պարտքեր ունի, պիտի մարի:   Որոշ ժամանակ անց` 2012-ի մայիսին, Հռիփսիմեն կրկին կապվել է ամուսնու ազգականների հետ, այս անգամ պարտքով խնդրել 12 հազար դոլար` բացատրելով, թե ամուսնու եղբայրը մեծ պարքեր ունի, ու դրա համար իրեն ու իր երեխաների կյանքին ու առողջությանը սպառնում են պարտատերերը:

4000 և 12000 դոլար գումարներն էլ ստանալուց հետո կինն այն ամբողջությամբ ծախսել է իր կարիքների համար:   Հռիփսիմեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խարդախություն` խոշոր չափով:

Առաջին երկու մեղադրանքների դեպքում պատիժ է սահմանվում 4-8 տարվա ազատազրկում, իսկ երրորդի դեպքում` 2-5 տարվա ազատազրկում կամ 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամի տուգանք:

Դատարանը մեղավոր է ճանաչել Հռիփսիե Խաչատրյանին և պատիժ է նշանակել 4.5 տարվա ազատազրկում՝ առանց գույքի բռնագանձման: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է  եղել ստորագորությունը՝ չհեռանալու մասին, քանի որ իր խնամքին անչափահաս երեխա ունի: Սակայն դատավճռով խափանման միջոցը նույնպես փոխվել. «Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Հռիթսիմե Խաչատրյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում»,- նշված է դատավճռի եզրափակիչ մասում։

Դատվճռի վերաբերյալ վերաքննիչ բողոք է տարվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել