Կգործի ԴԱՀԿ ծառայության և ՃՈ համագործակցության նոր կարգ

ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԴԱՀԿ ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ նոր կարգի ընդունման հարցը: Ըստ որոշման՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև շրջանառվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Հավելված 1

Կարգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից հարցումները, պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու մասին, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) են ուղարկվում Ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում ներդրված ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:

2. Ճանապարհային ոստիկանության կողմից հարցումների պատասխանները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման կատարման վերաբերյալ ծանուցումները Ծառայությանն են ուղարկվում Ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում ներդրված ծրագրի միջոցով` էլեկտրոնային եղանակով:

3. Պարտապանի կամ սեփականատիրոջ վերաբերյալ բոլոր տվյալները Ծառայության կողմից ենթակա են պարտադիր լրացման` պարտապանի նույնականացումն ապահովելու նպատակով:

4. Ճանապարհային ոստիկանության կողմից հարկադիր կատարման վերաբերյալ գրությունները և օրենքով սահմանված այլ փաստաթղթեր Ծառայությանն են ուղարկվում Ծառայությունում ներդրված ծրագրի միջոցով՝ Էլեկտրոնային եղանակով։

5. Այն կատարողական վարույթների ընթացքի մասին ծանուցումները, որոնց հարկադիր կատարման վերաբերյալ գրությունները Ճանապարհային ոստիկանությունից ստացվել են էլեկտրոնային եղանակով, Ճանապարհային ոստիկանությանը՝ որպես պահանջատեր, Ծառայությունը ուղարկում է էլեկտրոնային եղանակով։

6. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունն ու նույնականացումն ապահովվում է Ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև կազմակերպված փակ, առանձնացված հատուկ կապուղու միջոցով:

7. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման համար կիրառվող արձանագրությունները համաձայնեցվում են Ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման և Ճանապարհային ոստիկանության Ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժինների կողմից։

8. Ուղարկվող և ստացվող տվյալները պահպանվում են Ծառայության և Ճանապարհային ոստիկանության տվյալների շտեմարաններում։ Ծառայության Կառավարման էլեկտրոնային համակարգից պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ հարցումները և պատասխանները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները կարող են արտաբերվել և տպագրվել համակարգից՝ տպագրական ձևերին համապատասխան։

Նախագծի ընդունման դեպքում Ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցում կկատարվի էլեկտրոնային եղանակի, ինչն իր հերթին կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացումը առցանց եղանակով, ռեալ ժամանակում: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել