Հատկապես աշխատանքային օրվա մեկնարկի և ավարտի ժամանակ ՃՈ տեսուչները կարգավորում են երթևեկության ընթացքը՝ հրահանգելով վարորդներին ուշադրություն չդարձնել լուսացույցին և երթևեկել:
Ինչպե՞ս վարվել նման դեպքերում: ՀՀ ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին կառավարության N 955-Ն որոշումը սահմանում է, որ վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:
Այսինքն՝ ստացվում է, որ կարգավորողի, տվյալ դեպքում՝ ՃՈ տեսուչի կարգադրություններն առաջնային են:
Որոշման մեջ նաև նշվում է, որ երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:
Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) ձեռքը բարձրացված է վեր` տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը բոլոր ուղղություններով արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`
ա. ձախ և աջ կողմերից երթևեկությունը թույլատրված է տրամվային` ուղիղ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` ուղիղ և աջ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,
բ. թիկունքից և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունն արգելված է.
3) աջ ձեռքը պարզված է առաջ`
ա. ձախ կողմից տրամվայի երթևեկությունը թույլատրված է դեպի ձախ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` բոլոր ուղղություններով,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներին թույլատրված է երթևեկել միայն դեպի աջ,
գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,
դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:
Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ: