Հյուրանոցում փորձել է բռնաբարել Անուշին

Արթուր Ղազարյանը (անունը փոփոխված է) ամբաստանյալի աթոռին է հայտնվել սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013թ դեկտեմբերի 28-ին ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկի սենյակում Երևան քաղաքի բնակչուհի Անուշ Վարդանյանի (անունը փոփոխված է) նկատմամբ նա փորձել է կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Արթուրը, բռնելով Անուշի մազերից, վերջինիս նկատմամբ փորձել է սեքսուալ բնույթի արարքներ կատարել, որից հետո ծեծի ենթարկելով կնոջը՝ նրան գցել է հատակին և կրկին փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ Անուշը պառկած վիճակում սեղանից վերցնելով ապակու տարան՝ դրանով հարվածել է Արթուրի գլխին։

Արթուրը մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցանքի մեջ (Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով)։

Այնուհետև ամբաստանյալը հիվանդանոցում ոստիկաններին հաղորդում է տվել, որ հյուրանոցային համալիրի սենյակում Անուշը փորձել է իր գրպանից գողություն կատարել։

Այս հիմքով նրա մեղարանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ի մասով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել