Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`
ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.
բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորողներին.
գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.
դ) արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին.
ե) հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ: