Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է 1032-Ա որոշումը, որով գումար է հատկացվել Սահմանադրության հանաքվեին Հայաստան այցելող պատվիրակությունների ընդունելության համար:
Մասնավորապես, որոշման մեջ նշվում է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են գալու Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովների, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության, Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակությունների, Վենեսուելայի ընտրական դատարանի ներկայացուցիչներ (36 մարդ):
Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպեսև պատվիրակությունների Հայաստանում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերը և միջոցառումների հետ կապված այլ ծախսերի համար պետական բյուջեից հատկացվել է 13 միլիոն 611 հազար դրամ (ավելի քան 36 հազար դոլար):