Ոստիկանությունը հետապնդում է «Նոր Հայաստան»-ի երիտասարդ աջակցին

«Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին նոյեմբերի 5-ին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ եւ սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն եւ ուսման վայրը, իսկ այնուհետեւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն: Այս մասին հայտարարություն են տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը եւ «Ընդդիմության միասնական շտաբը»:

Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որեւէ տեղեկություն չի հայտնել եւ հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն:

Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբումունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը վերջին շրջանում դրսեւորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, որի ընթացքում ոստիկանությունը անհամաչափ ուժ եւ բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր սահմանադրությանը «Ո՛Չ» ասելու քարոզչությունից ու պայքարից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել