Կնոջ երեխաներից մեկին մուրացկանության է ուղարկել, մյուսի հանդեպ անառակաբարո գործողություններ կատարել, երրորդին՝ փակել նկուղում

37-ամյա Վոլոդյան մեղադրվում է փաստացի կնոջ երեխաներին հանդեպ մի շարք դրվագներով հանցագործություններ կատարելու համար՝ թրաֆիքինգ, անառակաբարո գործողություններ և ապօրինի ազատությունից զրկում: Գործը քննվում է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ փաստացի կնոջ 12-ամյա որդուն  2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. գարունն ընկած ժամանակահատվածում ստիպել է Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ, այնուհետև ստացել ու իր անձնական կարիքների համար ծախսել է դրա արդյունքում վաստակած ողջ գումարը:  Այս դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, որի դեպքում անձը կարող է պատժվել ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Վոլոդյան մեղադրվում է նաև կնոջ 15-ամյա դստեր հանդեպ պարբերաբար  կատարել է անառակաբարո գործողություններ: Այս մասով մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 142. հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, որի դեպքում պատիժ է սահմանվում 2-5 տարվա ազատազրկումը:

Ավելին, անչափահաս աղջկա հետ անառակաբարո գործողություններ կատարելու պատճառով 2013թ. նոյեմբերի կեսերին Վոլոդյան վիճաբանել է նրա ավագ քրոջ՝ 17-ամյա աղջկա հետ  ու նրան պատժելու նպատակով ապօրինի զրկել է ազատությունից` մեկ գիշեր պահել է տան նկուղում: Այս մասով մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որի դեպքում պատիժ է սահմանվում 3-5 տարվա ազատազրկումը:

Ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել