Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է դեռևս 2013-ի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած դաժան սպանության գործը. 42-ամյա կինն իր իկս բնակարանում սպանվել էր դանակի 17 հարվածի հետևանքով:
Ամբաստանյալի աթոռին 24-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանն է: Համաձայն մեղադրական եզրակացության, նա դեպքի օրը ժամը 15.00-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավիթ Մալյան նրբանցքի 2 շենքի թիվ 37 բնակարանում վիճաբանել է նույն բնակարանի բնակչուհի Աննա Ստեփանյանի հետ, որի ընթացքում նրան շահադիտական դրդումներով սպանելու դիտավորությամբ ՝ սուր, ծակող-կտրող գործիքով մի շարք հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին հասցնելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող և առաջացած արյան սուրկորստի արդյունքում ապօրինաբար կյանքից զրկել է Աննա Ստեփանյանին: Այնուհետև բնակարանից 80.000 դրամ կանխիկ գումար և 5 հատ ոսկյա զարդեր է վերցրել ու փախել դեպքի վայրից:
Գործը դատարան է ուղարկվել նախորդ տարվա նոյեմբերի 11-ին և մինչ այժմ շարունակվում է դատավարությունը: Գործը քննվում է դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Ռոբերտին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանություն, որը կատարվել է ահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: