2015 թվականի մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ իրականացվում են դատավորների և փաստաբանների վերապատրաստման համատեղ դասընթացներ: Այս մասին հաղորդում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի՝ նախորդ շաբաթվա ընթացքում անցկացված համատեղ դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը, այդ թվում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրները: Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրաիրավական բարեփոխումների համատեքստում հատուկ շեշտադրում է արվել քրեական դատավարության վերոնշյալ փուլում առկա խնդիրների ու դրանց լուծումների վրա՝ ուղղված քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանության ապահովմանը:
Նախատեսվում է նման դասընթացները դարձնել շարունակական: