Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 25 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի,1924 թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին: Արտաքին զննությամբ հայտնաբերվել են գանգուղեղային վնասվածքներ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հոկտեմբերի 30-ին քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ մի երիտասարդ մոտ մեկ շաբաթ առաջ ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Եղեգնաձորի մի բնակչի վաճառել է ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված կնոջը: Պարզվել է, որ երիտասարդը եղեգնաձորցի, 16-ամյա Նարեկ Խ-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Նարեկը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին և անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել, որ ինքն է սպանել կնոջը:
Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր հոկտեմբերի 24-ին: Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում, հողամասում, հայտնաբերվել էր 1939 թ. ծնված Գոհար Բարսեղյանի դին` դարձյալ վնասվածքների հետքերով:
Հետագա աշխատանքների շնորհիվ Նարեկը խոստովանել է, որ այս կնոջն էլ սպանել է ինքը և հափշտակել նրա մեկ զույգ ոսկյա ականջօղերը: Կատարվում է քննություն:
Դեպքին մանրամասն կանդրադառնանք հետագայում:
ՀՀ քննչական կոմիտեից էլ հաղորդում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:
Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով:
Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի:
Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի:
16-ամյա երիտասարդը ձերբակալվել է և հարցաքննվել, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է դեպքի հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: