Ինչո՞ւ է տղամարդը փողոցում ծեծել նախկին կնոջը

Ամբաստանյալ Արմանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիպելով իր նախկին կնոջ Դիաննային և այլ տղամարդկանց հետ նրա ունեցած հարաբերությունների շուրջ պարզաբանում ստանալու համար, մոտեցել է նրան ձեռքով բռնել կոկորդից և հայհոյանքներ արտահայտելով նրա հասցեին պահանջել է նստել իր ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքի և մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև նա   Դիաննայի ձեռքից վերցրել է պայուսակը՝ ենթադրելով, որ դրա մեջ առկա բջջային հեռախոսի միջոցով կարող է պարզել վերջինս կողմից այլ տղամարդկանց հետ նրա ունեցած կապը և հեռացել: Պայուսակի մեջ տեսնելով արժեքավոր իրեր, գումար և պլաստիկ քարտ՝ ծածկագրով, Արմանը գողություն կատարելու դիտավորությամբ գաղտնի հափշտակել է պայուսակի պարունակությունը: Բացի այդ նա օգտագործելով պլաստիկ քարտը և ծածկագիրը բանկոմատից ստացել է 126000 ՀՀ դրամ գումար, Դիաննային պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Սակայն դատական նիստի ժամանակ Դիաննայի ցուցմունքներից պարզ է դառնում, որ Արմանը իրեն չի մեղադրել ինչ-որ տղամարդկանց հետ կապի մեջ լինելու համար, ըստ տուժողի՝ ամբաստանյալը տեղյակ է եղել, որ իր մոտ եղել են ձայնագրություններ, որոնցում Արմանը սպառնացել է, հայհոյել է իրեն: Ուստի տղամարդու նպատակն այդ ձայնագրությունները ոչնչացնելն է եղել:

Ըստ դատաբժշկական փորձագետի `Դիաննան ստացել է մարմնական վնասվածքներ դեմքի, պարանոցի, ձախ դաստակի շրջանների արյունազեղումների, սալջարդ վերքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Քննության առնելով տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, դատարանը գտել է, որ քաղաքացիական հայցը պետք է բավարարել, քանի որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով այն հիմնավորվել է: Հաշվի առնելով բերված ապացույցները  և գործով վկանների ցուցմունքները` դատարանը վճռել է` Արմանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքում:

Արմանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք յոթ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:

Ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն այն մերժվել է:

Իրվաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել