«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար»,- այս դրույթն ամրագրված է այս տարվա մարտի 17-ին ուժի մեջ մտած «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով: Սակայն երբեմն հենց բուժաշխատողների թեթև ձեռքով խախտվում է արդեն օրենքով ամրագրված երեխայի այս իրավունքը:
29-ամյա Կարինե Հունանյանը հիշում է, թե ինչ անմարդկային ջանքերի շնորհիվ է հասել նրան, որ երեխան մայրական կաթով սնվի. «Ես կեսարյան հատմամբ եմ ունեցել երեխայիս: Անմիջապես վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո ասացին՝ ամուսիններին ասեք՝ թող կաթնախառնուրդ բերեն: Այն ժամանակ շատ հարցերից գլուխ չէի հանում, մտածում էի, որ կրծքով կերարկմանը չի խանգարի»,- սակայն հետագայում շշով կաթնախառնուրդ ուտելուն սովորելուց հետո երեխան սկսել է հրաժարվել մայրական կաթից:
Երկու երեխայի մայր Օֆելյան (իր իսկ ցանկությամբ անունը փոխված է) իր առաջին բալիկին ընդամենը մեկ ամիս է կրծքով կերակրել. «Երբ ծննդատանը երեխային բերեցին ինձ մոտ, ասացին, որ արդեն 30 գրամ կերակրել են: Հետո նորածինների բժիշկը եկավ, երեխայիս դրեց կրծքիս երևի մեկ րոպե ու ասաց, թե հիմա կաթ չունես, մենք կտանք, բայց դու ընթացքում երեխային կրծքիդ մոտեցրու»,- նրա խոսքով, իրականում կաթի սակավության խնդիր չի եղել: Երկրորդ բալիկին Օֆելյան մինչև վեց ամսականը կերակրել է բացառապես կրծքի կաթով:
«Ծննդատանը երեխային մեկ-երկու անգամ կաթնախառնուրդ տալը կարող է հանգեցնել նրան, որ երեխան այլևս չկարողանա կրծքով կերակրվել, և անցնի կաթնախառնուրդներին: Եվ, բնականաբար, նա կշարունակի ուտել այն բրենդի կաթնախառնուրդը, որը տվել են ծննդատանը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում մանկաբույժ, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը նշում է, որ ծննդատներում նորածիններին կաթնախառնուրդով կերակրման հարցը շարունակում է մտահոգող լինել:
Սուսաննա Հարությունյանի խոսքով, կաթնախառնուրդներից կախվածությունը բավականին թանկ է նստում թե երեխայի, թե ընտանիքի համար. միջին արժողությամբ կաթնախառնուրդով երեխային մինչև մեկ տարեկանը կերակրելու համար ընտանիքը ծախսում է մոտ 1 միլիոն դրամ:
Մյուս կողմից՝ գիտականորեն ապացուցված է, որ հենց մայրական կաթն է պարունակում բոլոր անհրաժեշտ սնուցողական բաղադրամասերը, որոնք երեխային պաշտպանում են տարբեր հիվանդություններից. «Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել»,- նշվում է առողջապահության նախարարի 2013 թվականի մարտի 7-ի 544-Ա հրամանով հաստատված «Կրծքի հասակի երեխաների սնուցման գործելակարգի վերաբերյալ» ձեռնարկում:
Իսկ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը վկայակոչում է պաշտպոնական վիճակագրությունը: 1990 թվականին կրծքով կերակրման ցուցանիշը կազմել է 57 տոկոս, այնուհետև 1990-1994 թվականներին կտրուկ անկում է եղել՝ 1994 թվականին դառնալով ընդամենը 20 տոկոս:
Հաջորդ տարիների ընթացքում «Կրծքով սնուցման խրախուսման ծրագրի» շնորհիվ այս ցուցանիշը քառապատկվել է՝ նորածինների 68.7 տոկոսը մինչև 6 ամսականը սնվում է բացառապես կրծքի կաթով, իսկ 84.4 տոկոսը՝ հիմնականում սնվում է կրծքով (այլ սնունդ նույնպես ստանում է): Միևնույն ժամանակ 1994 թվականին 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 14.2 ‰ , իսկ ահա 2014-ին՝ 8.7 ‰, այսինքն՝ գրեթե կրկնակի անգամ կրճատվել է նորածինների մահացության ցուցանիշը:
Փորձագետները նշում են նաև, որ երեխայի առողջության համար կարևոր է նրա կյանքի առաջին 1000 օրերի՝ հղիությունից մինչև 2 տարեկան դառնալը ճիշտ սնուցումը: Nutrition.am կայքից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 7 միլիոն երեխա մահանում է մինչև իր կյանքի 5-րդ տարեդարձը, ընդ որում, թերսնուցումը պատասխանատու է մանկական մահերի առնվազն 35%-ի համար: Այն նաև անկարողության հիմնական պատճառներից է և թույլ չի տալիս, որ երեխաները հասնեն իրենց աճի և զարգացման լրիվ ներուժին: Մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի 2/3 տեղի է ունենում կյանքի առաջին տարում:
Բուժաշխատողները պարտավոր են խրախուսել կրծքով կերակրումը և նորածիններին չտրամադրել ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ, բացի կրծքի կաթից. ամրագրված է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 19-րդ հոդվածում:
Պնդել, թե բուժաշխատողները նորածնին կաթնախառնուրդ տալիս են, քանի որ համագործակցում են կաթնախառնուրդ ներկրող որևէ ընկերության հետ, հնարավոր չէ և բացառել նույնպես չենք կարող:
«Կրծքով կերարկելու սենյակ» նախաձեռնության անդամ Քրիստինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ավելի քան մեկ տարվա իրենց գործունեության ընթացքում լսել է նման դեպքերի մասին, սակայն դրանց պատճառների մասին հստակ ոչինչ ասել չի կարող: Հավանական պատճառ է նաև բուժաշխատողների ոչ բավարար գիտելիքները: Նա բարձրաձայնում է այն խնդրի մասին, որ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի համապատասխան հաստատություններում չեն աշխատում կրծքով սնուցման խորհրդատու-մասնագետներ: Ի դեպ,այս հարցում համակարծիք են նաև մեր մյուս զրուցակիցները: Իսկ Նունե Փաշայանը հայտնեց, որ այս ուղղությամբ քայլեր կատարվում են.մասնավորապես վերապատրաստումներ են անցել մարզերում աշխատող բուժաշխատողների մի մասը և վերապատրաստումները կշարունակվեն:
Իսկ Ս. Հարությունյանը նշում է, որ վերոնշյալը խախտման այն տեսակն է, որը հեշտությամբ չէ հայտնի դառնում:
Իրավաբան.net-ի հարցին, թե այս առումով նոր օրենքի (գործում է շուրջ 7 ամիս) ազդեցությունը նկատվում է, Նունե Փաշայանը պատասխանեց, թե դեռևս վաղ է գնահատականների համար. «Սակայն այն, որ մեր բուժաշխատողներն արդեն իսկ իրազեկվում են, համապատասխան եզրահանգումներ են անում և վերանայելու են իրենց հետագա անելիքները, դա փաստ է: Սակայն փաստ է նաև, որ մենք դեռ շատ աշխատանքներ ունենք»:
Անվճար խորհրդատվություններ, ուսուցումներ, կոնֆերանսներ
Եթե ծննդատներում կաթնախառնուրդներով կերակրման վերաբերյալ խախտումները բավականին լատենտային են, ապա կան նաև այնպիսի խախտումներ, որոնք անմիջապես աչքի են զարնում:
«Նատալի ֆարմ» ընկերությունը, որը ներկրում է «Հիփ» ապրանքանիշի մանկական սնունդը, իր ինտերնետային և ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է մանկաբույժի անվճար և շուրջօրյա խորհրդատվություն տրամադրելու մասին: Ինտերնետային կայքից տեղեկանում ենք նաև, որ ընկերությունը սեմինարներ է կազմակերպում երեխաների խնամքին և սնուցմանը վերաբերող հարցերի շուրջ:
Այնինչ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը արգելում է մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը:
Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն էլ արգելում է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ներգրավված բուժաշխատողներին մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդի կամ խրախուսման այլ ձևերով զբաղվելը:
Ի դեպ, Իրավաբան.net-ի հաղորդման հիման վրա այս դեպքի առթիվ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից հարուցվել է վարչական վարույթ՝ ինտերնետային էջի տեղեկատվության բովանդակության՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով:
Մեկ այլ օրինակ. հոկտեմբերի 8-ին կաթնախառնուրդներ ներկրող «Քիդզկո» ընկերության կողմից մոր և մանկան առողջության հարցերի վերաբերյալ կոնֆերանս է կազմակերպված եղել: Նունե Փաշայանը մեզ հետ զրույցում հաստատում է, որ ընկերությունը կոնֆերանսին հրավիրել է ռուսաստանցի լավագույն մասնագետներին, նույնիսկ ՌԴ գլխավոր նեանոտոլոգին։
«Ինչ վերաբերում է «Քիդզկո»-ին, իրենք դիմել էին նախարարություն, և նախարարությունն արգելեց, որ այդ միջոցառմանը իրենց լոգոյով որևէ գրիչ, նոթատետր լինի և պայման դրվեց, որ թեմաները վերաբերելու են միայն կրծքով սնուցմանը և մեր փորձագետը այնտեղ ներկայացրել է մեր օրենքը»,- ասաց Ն. Փաշայանը:
Փորձագետները պնդում են, որ բուժաշխատողներին կրթելը պետության գործառույթն է. «Երբ այդ խնդիրն իր վրա է վերցնում կաթնախառնուրդ արտադրող կամ ներկրող ընկերությունը, առաջանում է շահերի կոնֆլիկտ: Եթե նա շահ չունենա, ինչու՞ պիտի բուժաշխատողների համար փող ծախսի՝ ուսուցում կազմակերպելու համար, ինչու՞ պիտի ամեն ձևով փորձի կոնտակտի մեջ մտնել մայրերի հետ»,- ասում է Սուսաննա Հարությունյանը:
Կարևոր նշում. Կրծքով կերակրումը լավագույնն է
Մինչ վերջերս խոշոր սուպերմարկետներում մանկական սննդի պիտակները հագեցած էին տվյալ ապրանքին մայրական կաթի հատկանիշներ վերագրող մի շարք գրություններով, մասնավորապես՝ պարունակում են նուկլեոտիդներ, պրեբիոտիկներ, որոնք ամրապնդում են երեխայի իմունային համակարգը, կարգավորում մարսողությունը և այլն: Նման գրառումները արգելվում են «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 16-րդ հոդվածով:
Սակայն վերջին օրերի մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս մասով սուպերմարկետներում վաճառվող կաթնախառնուրդների տուփերի վրա պիտակները փոխված են: Դրանց սկզբնամասում խոշոր, մեծատառերով հետևյալն է գրված. «Կարևոր նշում: Կրծքով կերակրումը լավագույնն է: Կրծքի կաթը կատարյալ սնունդ է մանուկների առողջ աճի և զարգացման համար: Այն պաշտպանում է փորլուծություններից և հիվանդություններից»:
Սակայն նույնը չենք կարող ասել օնլայն խանութների մասին: Մասնավորապես, sas.am, babybuy.am, 5plus.am կայքերում այս ապրանքների նկարագրության հատվածում կարդում ենք արտահայտություններ, որոնք կաթնախառնուրդը համեմատելի են դարձնում մայրական կաթի հետ:
Ի դեպ, Սուսաննա Հարությունյանը պնդում է, որ գիտականորեն ապացուցված չէ, որ այդ նուկլեոտիդների, պրեբիոտիկների առկայությունն իսկապես նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը, իմունային համակարգի ամրապնդմանը և այլն. «Միայն կրծքի կաթի դեպքում է այդ ամենը ապացուցված: Եթե լինեն գիտական տվյալներ, որ այս կամ այն բաղադրիչի ավելացնելը կարևոր է երեխայի առողջության համար, ապա դա պարտադիր կդառնա կաթնախառնուրդ արտադրող բոլոր ընկերությունների համար»:
Որքա՞ն մանկական սնունդ է ներկրվում և ովքե՞ր են ներկրողները
Ֆինանսների նախարարությունից Իրավաբան.net-ին տրամադրված տվյալների համաձայն՝ մանկական սնունդ ներկրող ընկերություններն են «Նատալի Ֆարմ», «Եվրո թրեյդ», «Պրեմիեր Ֆուդս», «Քիդզկո», «Բեյբի Սիմ», «ՏոնուսԼես» ՍՊԸ-ները, «Քեթրին գրուպ», «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ները, «Վահան Հարությունյան» ԱՁ-ն, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը:
2013 թվականին Հայաստան ներմուծվել է 462.1 տոննա 1միլիարդ 690.4 միլիոն դրամ մաքսային արժեքով, 2014-ին՝ 447.8 տոննա 2 միլիարդ 27.1 միլիոն դրամ մաքսային արժեքով մանկական սնունդ:
Իսկ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներկրվել է 197.2 տոննա 882 միլիոն դրամ մաքսային արժեքով մանկական սնունդ: Եվ եթե առաջիկա երեք ամիսներին էլ նույն պարբերակությամբ ու քանակով ներկրվի այս սնունդը, ապա պարզ հաշվարկի դեպքում, կարող ենք ասել, որ տարեվերջին կարող է ներկրված լինել շուրջ 265 տոննա մանկական սնունդ: Եվ տվյալների համեմատությամբ կարող են նշել, որ ներկրվող մանկական սննդի ծավալները նվազում են:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վերջին 3 տարիներին մանկական սննդի ներկրման և իրացման ոլորտում իրենց կողմից վարչական վարույթներ չեն հարուցվել և ուսումնասիրություններ չեն կատարվել:
Ի դեպ, փորձագետները նշում են, որ թե հայաստանյան օրենքը, և թե «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը» (որն ընդունդել է 1981 թվականին առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից և որը ստորագրել է նաև ՀՀ-ն) չեն արգելում կաթնախառնուրդների վաճառքը: Դրանք պետք է վաճառվեն, քանի որ դրանց կարիքը կա (օրինակ, ՄԻԱՎ վարակիր կինը կրծքով կերակրելու դեպքում երեխային նույնպես կարող է վարակել): Սակայն արգելվում է դրանց վաճառքի ծավալնելը մեծացնելու համար՝ ազդել կնոջ օբյեկտիվ որոշում ընդունելու վրա:
Մայրության պաշտպանությունը
Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Զարուհի Հայրապետյանը նշում է, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի (Օրենք) ընդունմանը զուգահեռ փոփոխություններ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) և աշխատանքային օրենսգրքերում:
Մասնավորապես ՎԻՎ օրենսգրքի 47.8 հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանտվություն՝ նվազագույն աշխատավարձի 100-500-ապատիկի չափով տուգանքներ՝ արգելված արարքը կատարելու համար: Իսկ խախտումը մեկ տարվա ընթացքում նորից կատարելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի:
Իսկ աշխատանքային օրենսգրքի 251-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատավայրում երեխաներին կրծքով կերակրելու համար համապատասխան կահավորանք ունեցող սենյակներ պետք է լինեն: Ի դեպ, առավել վաղուց գործում է նաև նույն աշխատանքային օրենսգրքի 258 հոդվածը, որի 3-րդ կետը սահմանում է. «Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով»:
Հարցին, թե որքանով է պրակտիկ, որ կինը կարող է երեխային աշխատավայրում կերակրել կամ որքանով է իրատեսական, որ այնուամենայնիվ, գործատուները համապատասխան սենյակներ կհատկացնեն, հաշվի առնելով այն, որ հաճախ օրենքի դրույթները թղթի վրա են մնում, «Կրծքով կերակրելու սենյակ» նախաձեռնության անդամ Քրիստինե Բարսեղյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց.
«Վատատես չեմ ուզում լինել, սակայն կարծում եմ, որ ոչ ոք չի անի դա, որովհետև գրված է օրենքում, ինչպես մնացած այլ դեպքերում: Սակայն այդ հարցը կլուծվի շատ մայրերի համար, եթե փորձեն իրենց իրավունքը իրացնել: Գուցե հատուկ սենյակ չկահավորեն, քանի որ դա հեշտ չէ, սակայն որևէ սենյակ կհատկացվի: Կարծում եմ, որ մայրերի կողմից պիտի քայլ արվի: Այո, եթե դու պահանջում ես, նա պարտավոր է, ներեցեք, քեզ զուգարան չուղարկել, դա վերաբերմունքի հարց է»:
Աստղիկ Կարապետյան