2015թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 17-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչներ Բաղդասարյան եղբայրները։
Ավագ եղբոր` 38-ամյա Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է «Ձախ սրունքի հրազենային վնասվածք», իսկ 36-ամյա Բաղդասարյանի մոտ՝ «Աջ սրունքի և աջ ծնկան հոդի շրջանում պատռված լաթաձև վնասվածք»։
Բաղդասարյան եղբայրները Արտաշատի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան քաղաքի Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանում են ստացիոնար բուժօգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու եղբայրների՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ նրանք վնասվածքն ստացել են նույն օրը` ժամը 16։30-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող ճանապարհին, «ՄՌ 153» մոդելի որսորդական հրացանից արձակված կրակոցների հետևանքով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 հատ 12մմ տրամաչափի պարկուճ և 2 հատ նույն տրամաչափի, գործարանային արտադրության փամփուշտ, արնանման հետքեր։
Պարզվել է, որ որսորդական հրացանը պատկանում է Բաղդասարյան եղբայրների փեսային, ով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և բացատրություն տվել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Վերցվել են փորձանմուշներ։
Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: