Հերթական ահազանգը. Կապանում գետակը դարձել էր մուգ նարնջագույն և «բուրում էր» գարշահոտությամբ

Օրերս անդրադարձել  էինք Կապան քաղաքում բնապահպանական լուրջ խնդիր դարձած Կավարտ թաղամասում նախկինում գործարկված, այժմ չգործող հանքից հոսքաջրերի արտահոսքի հետևանքով գետի աղտոտվածության մասին: Այսօր հերթական անգամ ստիպված էինք ականատես լինել, թե ինչպես  էր Կապանի մի քանի թաղամասերով հոսող և Ողջի գետին միացող գետակը դարձել մուգ նարնջագույն և «բուրում էր» անտանելի  գարշահոտությամբ:

Իրավիճակին ականատես լինելուց հետո մեր հանրային թղթակիցը ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի բնապահպանական պետական տեսչության ղեկավար Լևոն Պետրոսյանին, պարզելու համար, արդյոք տեսչությունը տեղյակ է խնդրին, թե ոչ: Մեր այս հարցին պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ մի քանի օր առաջ վերոնշյալ գետակի ջրից նմուշ է վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, և այդ օրը ջրի գույնը պարզ էր: Սակայն մեր պնդումներից հետո նա որոշեց անձամբ գալ և տեղում համոզվել:

Ժամանելուց և Ողջի գետին միախառնվելու հատվածում հեռախոսով մի քանի լուսանկար անելուց հետո բնապահպանական պետական տեսչության ղեկավարը դժկամությամբ պատասխանեց մեր հարցերին: Մասնավորապես, այն հարցին, թե ինչ լուծում է տրվելու խնդրին, նա ասաց, որ Կավարտ թաղամասում նախկինում ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓԸՆԻ ՓԲԸ (Այժմ ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼԶ ԿԱՊԱՆ ՓԲԸ)  կողմից շահագործված հանքը 2009թ. հանձնվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ներկայումս գտնվում է դրա հաշվեկշռում: Եվ այն հանգամանքը, որ նախկին հանքը չի կոնսերվացվել ու շարունակում է աղտոտել գետը պայմանավորված է նրանով, որ հանքը դեռևս ենթակա է շահագործման, քանզի դրանում առկա են մեծ պաշարներ, բայց քանի որ առայժմ չկա կազմակերպություն, որը այն կշահագործի, ապա իրավիճակը կմնա նույնը:

Ի դեպ, պարոն Պետրոսյանը կարծում է, որ գետի գույնը և դրանից զգացվող գարշահոտությունը ամենևին չեն վկայում, որ այն իր մեջ բազում  թույներ է պարունակում:

Չցանկանալով պատասխանել մեր այլ հարցերի` տեսչության ղեկավարը ասաց, որ օրերս ՀՀ Բնապահպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, որտեղ մենք կգտնենք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել