Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղեկություն էր տարածել, որ Նուբարաշենի կալանավայրում ազատազրկվածները բռնության են ենթարկվել: Ահազանգից անմիջապես հետո կալանավայր այցելած Օմբուդսմենի ներկայացուցիչներին վարչակազմը տեղեկացրել է, որ որևէ բռնություն չի կիրառվել։
Օմբուդսմենի նեկայացուցիչները դարձյալ այցելել են Նուբարաշենի կալանվայր՝ Օմբուդսմենի և իրավապաշտպանների կասկածները փարատելու համար։ Օմբուդսմենի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Նուբարաշենում գտնվող մոտ 150 ազատազրկվածի հետ, մտել են մոտ 20 խուց՝ տեղում ուսումնասիրություն անելու համար: Ազատազրկվածներից ոմանք հաստատել են, որ խուզարկության ընթացքում լսել են տարօրինակ ձայներ, ինչից ենթադրել են, որ կիրառվում է բռնություն, իսկ մնացած ազատազրկվածները կա’մ հերքել են տեղեկատվությունը, կա’մ խուսափել են պատասխանելուց:
Որոշ ազատազրկվածներ պատմել են, որ խուզարկությունն իրականացրել են դիմակավոր անձինք, ինչն էլ անհանգստացրել է իրենց։ Ասել են նաև, որ ի նշան բողոքի այրել են սրբիչներ և դուրս են նետել պատուհաններից, խցերից մեկում այրել են ներքնակը՝ փակելով խուց մտնելու հնարավորությունը խուզարկողների համար: Խցերից մեկի դռան վրայի փոքր դռնակը՝ նախատեսված իրեր, սնունդ փոխանցելու համար, ջարդված է եղել, սակայն տվյալ խցի ազատազրկվածն ասել է, որ դա խուզարկության հետևանքով չի ջարդվել:
Ազատազրկվածներից մի քանիսն էլ պատմել են, որ տարօրինակ ձայները լսվել են հիմնականում պատժախցերից:
Որպես փաստ՝ կարող ենք արձանագրել, որ գրեթե բոլոր ազատազրկվածները հաստատել են երեկ երեկոյան խուճապային իրավիճակի առկայությունը կալանավայրում:
Ի դեպ, Օմբուդսմենի ներկայացուցիչները զրուցել են նաև կալանավայրի մոտ գտնվող շենքի բնակիչների հետ, ովքեր նույնպես հաստատել են, որ երեկ երեկոյան տարօրինակ աղմուկ են լսել կալանավայրի տարածքից:
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նույնպես հաստատել է այն տեղեկատվությունը, որ երեկ երեկոյան խուզարկություն է իրականացվել, ինչը որոշ ազատազրկվածների մոտ դժգոհություն է առաջացրել, միաժամանակ վարչակազմը հերքել է հնարավոր բռնության դեպքերի մասին տարածված լուրերը:
Դեպքի մանրամասները ճշտելու և հակասական տեղեկությունները պարզելու նպատակով Օմբուդսմենն Արդարադատության նախարարությունից սեղմ ժամկետում ակնկալում է ստանալ իրականացված գործողությունների իրավական հիմքերը՝ խուզարկության արձանագրությունները, աշխատակիցների առկա բացատրագրերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև առաջարկվելու է իրականացնել ծառայողական քննություն՝ իրողությունը պարզելու համար: