Նոր Սահմանադրության նախագիծը, Ազգային ժողով ներկայացնելուց առաջ և հետո, էական փոփոխություն է կրել: Ասում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հավելեց, որ հանդիպումներ են եղել Փաստաբանների պալատի հետ, եղել են առաջարկություններ, որոնց գերակշիռ մասն ընունվել է, ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատից հնչող տարաբնույթ մեկնաբանություններին, ապա պարոն Դանիելյանը նշեց, որ շատ հայտարարությունները էմոցիոնալ բնույթի են: Լրագրողներից մեկը մեջբերեց փաստաբան Հայկ Ալումյանի այն գնահատականը, որ «Մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ գնա և կողմ քվեարկի սահմանադրության նախագծի երկրորդ գլխին, որտեղ ամբողջությամբ սահմանափակված են մարդու իրավունքները», Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը պատասխանեց. «Դրանք զգացմունքային գնահատականներ են ընդամենը, քարոզչական հնարքներ են, դուք գտնո՞ւմ եք, որ մասնագիտական հանձնաժողովը դրանց նույնպես պետք է անդրադառնա»,- եզրափակեց նա: