Ի՞նչ սրտով կարող ես բանկում փոքր բաժնետեր դառնալ, եթե կա նախադեպ, որ մի օր քեզ ուղղակի դուրս կնետեն բաժանետերերի ցանկից. փաստաբան

Ի՞նչ սրտով կարող ես բանկում փոքր բաժնետեր դառնալ, եթե կա նախադեպ, որ մի օր քեզ ուղղակի դուրս կնետեն բաժանետերերի ցանկից.  Իրավաբան.net-ի հետ զրույցում ասում է փաստաբան Հայկ Հովհաննիսյանը, ով դատարանում ներկայացնում է իր հոր և «Ամերիաբանկ» ՓԲԸ բանկի փոքր բաժնետերերից Արտաշես Հովհաննիսյանի շահերը:

Ներկայումս բանկերից մեկը ակտիվ կերպով գովազդում է փոքր բաժնետեր դառնալու հնարավորության մասին: Եվ, Հ. Հովհաննիսյանի խոսքով, փոքր բաժնետեր դառնալու հրավերները շուտով կսկսվեն տարածվել նաև այլ բանկերի կողմից, քանի որ 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի կապիտալի նվազագույն չափը լինելու է 30 միլիարդ դրամ՝ վեց անգամ ավելի շատ, քան ներկայումս է:

«Բանկի կապիտալի ավելացման լավագույն ձևը շուկայից անտոկոս գումար հավաքելն է և դրա լավագույն ձևն էլ բաժնետոմսեր թողարկելն ու նոր բաժնետերեր ներգրավվելն է»,- նշում է Հ. Հովհաննիսյանը և հավելում, որ Արտաշես Հովհաննիսյանի հետ պատահածից հետո հազիվ թե քաղաքացիները վստահ կլինեն, թե մի օր առանց իրենց իմացության դուրս չեն մնա բաժնետերերի ցուցակից:

Արտաշես Հովհաննիսյանը նախորդ տարվա ապրիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները:

Ի դեպ, Հայկ Հովհաննիսյանը նշում է, որ կոորպորատիվ գործերով փաստաբան ունենալը բավականին թանկ հաճույք է և հենց միայն պատշաճ պաշտպանություն չունենալու պատճառով շատ անձիք կարող են լռել ու չփորձել իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Ի՞նչ է պատահել Արտաշես Հովհաննիսյանի 5 տոկոս բաժնեմասերին

Դեռևս 1990-ական թվականներից Արտաշես Հովհաննիսյանը եղել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնեմասերի 5 տոկոսի բաժնետերը: 2008 թվականի մայիսի 19-ին Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ:

2012 թվականի դեկտեմբերի 17-ին  «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի ընդունած որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել են (համախմբվել են): Կոնսոլիդացիայի արդյունքում Արտաշես Հովհաննիսյանի 5 տոկոս բաժնետոմսը դարձել է 0.625 և այդ կոտորակյին բաժնետոմսն էլ հետ է գնվել բանկի կողմից:

Հայկ Հովհաննիսյանը պնդում է, որ այս գործողությունների ընթացքում մի քանի օրինախախտում է թույլ տրվել, ինչի հետևանքով խախտվել է իր հոր սեփականության իրավունքը:

Նախևառաջ, երբ բաժնետոմսերի կոնսոլիդացիայի վերաբերյալ բաժնետերերի ժողով է հրավիրվում, ապա դրան պետք է ներկա գտնվեն բոլոր բաժնետերերը՝ անկախ նրանից՝  խոշոր, թե փոքր բաժնետեր են: Սակայն այս դեպքում՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի բաժնետերերի ժողովին Արտաշես Հովահննիսյանը ներկա չի գտնվել :

«Նրանք, առանց մեր իմացության, իրականացրել են բաժնետոմսերի այնպիսի կոնսոլիդացիա, որ մեր բաժնետոմսերը դարձել են կոտորակային:  Եվ անկախ օրենսդրական արգելքից՝  նրանք այդ կոտորակային բաժնետոմսերը հետ են գնել»,- Հ. Հովհաննիսյանը հղում է անում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածին, որով բաժնետոմսերի կոնսոլիդացիան թույլատրելի է, սակայն բանկի կողմից բաժնետոմսերի հետ գնումը՝ ոչ.

«Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է…»,- նշված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում:

Ամեն ինչ կատարվել է փոքր բաժնետիրոջ չիմացությամբ

Թեև հիշյալ օրենքը արգելում է, սակայն Կենտրոնական բանկը (ԿԲ) բաժնետոմսերի կոնսոլիդացումն ու հետգնումը թույլատրող պաշտոնական պարզաբանում է հրապարակել 2012 թվականի հուլիսի 24-ին: Այս փաստաթղթի եզրափակիչ մասում մասնավորապես նշվում է.

«Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերը և ապահովագրական ընկերությունները որպես կորպորատիվ գործողություն իրավասու են իրականացնել իրենց բաժնետոմսերի կոնսոլիդացիա և կոնսոլիդացիայի արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերի պարտադիր հետգնում՝ այդ գործողությունների իրականացման համար ստանալով Կենտրոնական բանկի վերահսկողական դրական դիրքորոշումը»:

Այսինքն՝ «Ամերիաբանկը», համաձայն հիշյալ փաստաթղթի, իրավասու էր բաժնետոմսերը կոնսոլիդացնելու և կոտորակային բաժնետոմսերը հետ գնելու, եթե ունենար ԿԲ վերահսկողական դրական դիրքորոշումը: Հայկ Հովհաննիսյանը նշում է, որ դատավարության ընթացքում  և «Ամերիաբանկ»-ի, և Կենտրոնական բանկի ներկայացուցիչը չեն ժխտել, որ գոյություն ունի ԿԲ-ի դրական վերահսկողական դիրքորոշումը, որը, սակայն, իրենց չի տրամադրվել.

«Դա մի վարչական ակտ է, որտեղ շոշափվում են բաժնետիրոջ իրավունքներն ու օրինական շահերը: Եվ սահմանադրությունը, և մի շարք օրենքներ պարտադրում են հանձնել վարչական ակտերը այն անձանց, ում իրավունքներն ու շահերը շոշափվում են դրանցում: Տվյալ դեպքում Կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտով մեր սեփականաությունը մեզնից հետ է վերցվել, սակայն այդ ակտը մեզ չի տրամադրվել»,- ասաց փաստաբանը՝  միևնույն ժամանակ, նշելով, որ ԿԲ այս պարզաբանումը հակասում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին:

Փաստաբանը հայտնում է նաև, որ կոտորակային դարձված 0.625 բաժնետոմսի դիմաց «Ամերիաբանկը» որոշակի գումար փոխանցել է իր հոր բանկային հաշվին, սակայն այստեղ նույնպես խնդրահարույց հարց կա.  « Իրենք որոշել են, որ այդ սեփականությունը Արտաշես Հովհաննիսյանին այլևս չպետք է պատկանի, հրավիրել են գնահատողների, իրականացրել են ինչ-որ գնահատում, ինչ-որ գումար են փոխանցել հորս հաշվին և ասել են «ցտեսություն»: Սակայն մինչ օրս «Ամերիաբանկ»-ը հրաժարվում է անգամ մեզ տրամադրել այդ գնահատման ակտերը: Այսինքն՝ ամբողջ շառավղով ԿԲ-ն ու «Ամերիաբանկը» հրաժարվում են տրամադրել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ա. Հովհաննիսյանի իրավունքներին ու պարտականություններին, ինչը սահմանադրության կոպիտ ոտնահարում է»:

Հայցվոր կողմը պահանջում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը անվավեր ճանաչել և առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառել, քանի որ որոշումն ընդունվել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 37-րդ հոդվածի խախտմամբ:

Նշենք, որ քաղաքացիական գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ: Գործի քննությունը դատաքննության փուլում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել