Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվեց պատժի կրումից: Նման որոշում այսօր կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Սղոմոն Քոչարյանը նիստին ներկա չէր, նա առողջական լուրջ խնդիրներ ունի, գամված է անկողնուն, նրա շահերը ներկայացնում էր փաստաբան Գրիշա Բալասանյանը: Փաստաբանը միջնորդեց նրան ազատ արձակել, քանի որ ծանր հիվանդությամբ է տառապում, մեղադրող դատախազը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները չառարկեցին, դատավորը բավարարեց միջնորդությունը:
Այս որոշումը լսելով նիստերի դահլիճում ներկաները սկսեցին ծափահարել: Իրավաբան.net-ի հանրային թղթակիցը հաղորդում է, որ այս պահին նրանք շարժվում են դեպի նախագահական: Նրանց մեջ հիմնականում ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներ են, վերջիններս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
Մեր հանրային թղթակիցը նաև զրուցել է Սողոմոն Քոչարյանի բժշկի հետ, ով նշել է, որ ցմահ ազատազրկում կրած անձի վիճակը ծանր է:
Լուսանկարը՝ Hetq.am-ի