2015թ. հոկտեմբերի 21-ին հերթական անգամ Կապան քաղաքի Կավարտ, Դավիթ-Բեկ և Լեռնագործներ թաղամասերով հոսող գետակի գույնը դարձել էր մուգ դեղին, ինչը վկայում է այն մասին, որ գետին են միախառնվել Կավարտ թաղամասում նախկինում շահագործված, այժմ չգործող հանքավայրի կեղտաջրերը:
Իրավաբան.net կայքի հանրային թղթակցի կողմից լուսանկարահանում իրականացնելու պահին ջրի գույնը համարյա պարզվել էր, սակայն գետի ամբողջ երկայնքով տեսանելի էր դեղին ավազ, որը սովորաբար լինում է հենց նմանատիպ արտահոսքերի ժամանակ: Բացի այդ, շրջակայքում զգացվում էր սուր գարշահոտություն, ինչը հատուկ է մետաղներով հարուստ հանքաջրերին: Եվ, փաստորեն, նույնիսկ այս չգործող հանքավայրը չի դադարում բնապահպանական վնաս հասցնել քաղաքին: «Գետը մաքուր պահել» ցուցանակը, ցավոք, արդյունավետ չի: