Կնոջը ծեծել, թքել է վրան, սպառնացել է վնասել. ընտանեկան բռնության գործը քննվում է դատարանում

45-ամյա Վազգենը ամբաստանյալի աթոռին է հայտվել կնոջն ու անչափահաս երեխային ծեծելու ու վիրավորելու համար. գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Վազգենը 2015 թվականի ապրիլի սկզբից գրեթե ամեն օր ծեծի է ենթարկել իր հետ համատեղ բնակվող Նարինեին (անունը փոխված է), հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառել ուծեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ: Բացի դրանից, նա ժամանակ առ ժամանակ սպառնացել է, որ կվնասի, նվաստացրել, թքել է նրա վրա, տանը եղած տարբեր իրերով հարվածներ հասցրել, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել կնոջ և նրա անչափահաս որդու հասցեին:

Վազգենը նախկինում այլ հանցանքի համար դատապարտված է եղել: Այս գործով նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), որով պատիժ է նախատեսվում առավելագույնը 3 տարվա ազատազրկում, և 137–րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), որով պատիժ է սահմանվում 50 հազար դրամ տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել