Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, գրավոր ընթացակարգով քննության է առել 2 լրատվամիջոցների դիմումների հիման վրա միավորված գործը և որոշում ընդունել, որով, ըստ էության, բավարարել է լրատվամիջոցների պահանջը: Նշենք, որ վիճարկում էին «Զանգվածային լրատվության մասին» և Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա դատարանները պարտադրել էին լրագրողներին՝ աղբյուրները բացահայտել։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի եւ «iLur.am» լրատվական կայքի հիմնադիր «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի դիմումները քննության առնելով, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել վիճարկվող իրավական նորմերը, սակայն դրանցից յուրքանչյուրի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել, որոնց շրջանակներում էլ պետք է կիրառվեն օրենսդրական այդ նորմերը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը:
Նա հավելեց նաև, որ դիմողների նկատմամբ ընդունված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:
Հիշեցնենք, որ դիմումատուները վիճարկում էին «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը եւ 279-րդ հոդվածի սահմանադրականությունը: