Ո՞վ պետք է ԱԺ-ում փոխարիներ Արփինե Հովհաննիսյանին

Արփինե Հովհաննիսյանին՝ Արդարադատության նախարար նշանակելուց հետո նրա պատգամավորական մանդատը տրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Բեքարյանին:

Առաջին հայացքից պարզապես մանդատի տրամաբանական փոփոխությունն, իրականում խոցելի կողմեր ունի: Վստահ են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները:

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցի նախագծով առաջարկվում է, որ նման դեպքերում ոչ թե կին պատգամավորին փոխարինի ցուցակի հերթական հաջորդ տղամարդ թեկնածուն, այլ մեկ այլ նույն սեռի ներկայացուցիչ:

Նախ գործող իրավակարգավորումների մասին՝ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համամասնական ցուցակներով ներկայացնելու դեպքում 2-ից 6-րդ համարներում պետք է մեկ կին ներկայացուցիչ լինի: Սա, ըստ փաստաբանների խնդրահարույց է. «Մենք առաջարկում ենք 1-ից 5-ը լինի, որ հենց առաջին հնգյակում լինի կանանց մասնակցությունը, բացի այդ մենք առաջարկում ենք, որ կուսակցությունների նախընտրական ցուցակներում կանայք ունենան 20 տոկոս մասնակցություն»,- ասաց «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու, ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանի խոսքերով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածով կանանց՝ 20 տոկոս մասնակցության քվոտայի պահանջ է դրվում միայն ցուցակների վրա, իսկ փաստացի արդյունքի հավասարություն չի ապահովվում. «Այսինքն՝  ԱԺ տեղերի քվոտա չունենք, հետևաբար ինքնաբացարկների դեպքում կամ կին պատգամավորին այլ պաշտոնի նշանակելիս, նրա փոխարեն գալիս է տղամարդ պատգամավոր, փաստացի այդ 20 տոկոսը չի ապահովվում, ուստի մենք ներկայումս խորհրդարանում ունենք կանանց մասնակցությունը 10 տոկոսից ցածր մասնակցություն, երբ առնվազն առկա են 20 տոկոսանոց քվոտա»,- նշեց փաստաբանը:

Հավելենք նաև, որ Զեկույցը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավարն է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան  Կարեն Զադոյանը: Զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սյուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել