«Բարի եղեք, մի բզբզացեք». Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՓՊ խորհրդին

Նիկոլայ Բաղդասարյանը չի հասկանում՝ ինչպես կարող են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ, լինելով գործող փաստաբաններ, պահանջել մի բան, որը անընդունելի է յուրաքանչյուր փաստաբանի համար:

Հիշեցնենք՝ երեկ խորհրդի անդամները հայտարարությամբ էին հանդես եկել՝ հարց ուղղելով նաև Նիկոլայ Բաղդասարյանին, նրանք հետաքրքրվել են, թե փաստաբանն ի՞նչ կապ ունի Փայլակ Ֆահրադյանի հետ, արդյո՞ք վերջինս հանդիսանում է Ն.Բաղդասարյանի վստահորդը:

«Ես եմ հիմա կոչ անում խորհրդին՝ դադարեցրեք այս վերաբերմունքը: Նրանք մի կողմից ասում են՝ եկեք երկխոսենք, որին ես կողմ եմ, մյուս կողմից փորձում են ապացուցել, որ Արա Զոհրաբյանն այս ամենի հետ առնչություն չունի, ինձ համար դա վիրավորական է: Փոխարենը լուծում գտնենք, փորձում ենք արդարացնել բացասական երևույթները: Թող խորհրդի անդամներն իմանան, որ Նիկոլայ Բաղդասարյանը կարող է ևս 30 հարց բարձրացնի, որի պատասխանը ոչ ոք չունի: Քանի որ Նիկոլայ Բաղդասարյանը լռում է, բարի եղեք մի բզբզացեք, հակառակ պարագայում ամեն օր մի հարցադրում կբարձրացնեմ»,- Իրավաբան.net-ին ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ այս իրավիճակի հանգուցալուծումը ոչ թե կոնկրետ փաստաբանների թիրախավորումն է, այլ խնդիրների վեր հանումը, որպեսզի հետագայում նման իրավիճակներ չկրկնվեն. «Եթե մարդիկ բողոքում, որ դատական համակարգը լավ չի, ապա հարկավոր է գտնել պատճառները, թե ինչն է սխալ: Ես առաջարկում եմ չորսովս՝ ես, Արան, Լուսինեն և Երվանդը նստենք ու որոշենք՝ ինչ անել»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Խոսելով ՓՊ-ում ստեղծված իրավիճակից, նա կարծիք հայտնեց, որ պատճառը մեկն է՝ ողջ իշխանությունը դե յուրե կենտրոնացված է Արա Զոհրաբյանի ձեռքում. «Մնում է, որ ոչ ոք չհայտնվի, ով կքննադատի այս երևույթը, հետևաբար մշտապես՝ դե ֆակտո կպահպանվի պալատի նախագահի իշխանությունը, սակայն երրորդ անձանց համար կցուցադրվի, թե իբր դեմոկրատիա է, ո՛չ, այդպես չէ, ողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում է կենտրոնացված: Եկեք չթաքցնենք իրականությունը, այլ շիտակ ներկայացնենք իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը` վերջում պնդելով, որ իրենք որևէ մեկի դեմ դուրս չեն եկել, պարզապես վեր են հանել մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել