ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամները հայտարարություն են տարածել` հարցեր ուղղելով Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նելլի Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խորհրդի հայտարարությունը, որում ասվում է.

Մենք ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ներքոհիշյալ անդամներս, ստեղծված իրավիճակում արձանագրում ենք հետևյալը՝

– Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հայտարարությունը տարածվեց պալատի խորհրդի կողմից Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո.

– Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի կողմից տարբեր առիթներով հրապարակավ հայտարարություններ են ներկայացվել իրենց նկատմամբ իրավական հալածանքների մասին, որոնք իբրև կապված են սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կարծիքի և նրանց այլ ակտիվ գործունեության հետ․

– Հրապարակավ տեղեկություններ են ներկայացվել, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանի փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է, իսկ xnews.am կայքում հոդվածները ներկայացրել է Երվանդ Վարոսյանի հետ բանավեճի կողմ հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանը.

– Մամուլով տեղեկություններ են ներկայացվել նախկինում փաստաբանական դպրոցից ունկնդրին հեռացնելու մասին, որի հետ առնչություն ունի այն ժամանակ փաստաբանական դպրոցի դասախոս և ունկնդրի դատավարական հակառակորդ կողմի փաստաբանը հանդիսացող Լուսինե Սահակյանը․

– Մամուլով փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկություն է հաղորդել, որ 2013թ. ամռանը Լուսինե Սահակյանը «կուլիսային համագործակցության» մեջ է եղել ՀՀ արդարադատության նախարարության հետ։ Մասնավորապես հարց է ուղղել Նիկոլայ Բաղդասարյանին և Լուսինե Սահակյանին, «ի՞նչն էր պատճառը, որ 2013 թվականի ամռանը, առանց համաձայնեցնելու Պալատի խորհրդի հետ, առանց փաստաբանների շրջանում քննարկման առարկա դարձնելու, փորձելով օգտագործել կուլիսային համագործակցության մեթոդները, ՀՀ արդարադատության նախարարության միջոցով ցանկանում էիք ձեր նեղ անձնական շահերից բխող, փաստաբանների պալատի կառուցվածքը փոփոխող օրենքի փոփոխություններ նախաձեռնել (ինչը, բնականաբար, չհաջողվեց)»:

Մտահոգված լինելով փաստաբանական համայնքի խնդիրներով, փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին առաջարկում ենք ներկայացնել պարզաբանումներ հետևյալ հարցերի առնչությամբ.

– Ի՞նչ ապացույցներ կարող են ներկայացնել, որ 2015թ. հունիսի 2-ին հարուցված կարգապահական վարույթը՝ խորհրդի նիստում տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ, կապված է 2015թ. հուլիսի 25-ից հետո հրապարակված սահմանադրական փոփոխությունների նախագծի, և դրանից հետո հոկտեմբերին փաստաբանների խմբի կողմից հրապարակված կարծիքի հետ.

– Նիկոլայ Բաղդասարյանը ի՞նչ կապ ունի Փայլակ Ֆահրադյանի հետ, արդյո՞ք վերջինս հանդիսանում է Ն.Բաղդասարյանի վստահորդը.

– Ինչո՞վ են բացատրում փաստաբանական դպրոցից հեռացված ունկնդրի հետ կապված տեղեկությունը։ Ինչո՞ւ է հեռացվել ունկնդիրը, իրո՞ք նա հանդիսացել է Լուսինե Սահակյանի դատավարական հակառակորդը, արդյո՞ք հեռացման փաստացի նախաձեռնողը եղել է Լուսինե Սահակյանը.

– Արդարադատության նախարարության հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, ինչո՞ւ է դա կատարվել «կուլիսային» կարգով և որքանո՞վ է դա ազդել Ձեր որպես խորհրդի անդամի և փաստաբանի անկախության վրա։

– Ո՞րն էր ձեր նպատակը, երբ հրապարակային նման հայտարարություն եք տարածում, առանց պալատի ներքին հարթակներում՝ փաստաբանների մասնակցությամբ նախաքննարկման։

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին առաջարկում ենք պարզաբանումներ ներկայացնել նշված ունկնդրի հեռացման և հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Սպասում ենք Ձեր պարզաբանումներին։

Հարգանքներով՝

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ

Կարեն Մեժլումյան (Karen Mezhlumyan)

Մելանյա Առուստամյան (Melanya Arustamyan)

Կարապետ Աղաջանյան (Karo Aghajanyan)

Կարեն Սարդարյան (Karen Sardaryan)

Մարտուն Փանոսյան (Martun Panosyan)

Նելլի Հարությունյան (Nelli Harutyunyan)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել