ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 17 տարեկան աղջկա մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում ընդհարվել են Դ.Բեջանյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի և Գ.Ղուկասյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցի սյանը, որի արդյունքում այն կոտրվել և ընկել է հետիոտներ՝ 37-ամյա Հ.Անախասյանի և 17-ամյա Մ.Թամարյանի վրա: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հոկտեմբերի 16-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մ.Թամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: