ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մելքումով և Շիրազ փողոցների խաչմերուկում, քաղաքացի Գ.Սարգսյանն իր կողմից վարած «Զիլ 4502» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կարմրավան գյուղի բնակիչներ, ամուսիններ 1970թ. ծնված Կամո Կարապետյանին և 1975թ ծնված Հասմիկ Խոսրովյանին։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ ստացած մարմնական վնասվածքներից 40-ամյա կինը մահացել է, իսկ ամուսինը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: