Ինչո՞ւ են երկու փաստաբաններին խիստ նկատողություն տվել. պարզաբանում է Կարեն Մեժլումյանը

Նախորդ շաբաթ ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը խիստ նկատողություն հայտարարեց փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին: Սահմանվեց կարգապահական տույժ, ըստ որի նրանք պետք է իրենց հաշվին անցնեն դեոնթոլոգիայի, այսինքն՝ մասնագիտական էթիկայի դասընթացներ:

Փաստաբանների պալատի խորհուրդի անդամներից Կարեն Մեժլումյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ երկու փաստաբանները փաստաբանների վարքագծի խախտում են թույլ տվել, հարուցվել է կարգապահական վարույթ, պալատի խորհուրդը ստանալով և քննելով գործը, գտել է՝ խախտումներ եղել են և համարժեք տուժանք է նշանակել, այսինքն՝ տվել է խիստ նկատողություն և դեոնթոլոգիայի դասընթացներին պարտադիր մասնակցություն իրենց հաշվին:

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն՝ փաստաբանների վարքագծի խախտումն արձանագրվել է մայիսի 27-ին՝ ՓՊ խորհրդի հերթական նիստում: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության արդյունքում փաստաբան Տիգրան Խուրշուդյանը պլաստմասե շիշ է նետել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ, միջամտել է Երվանդ Վարոսյանը՝ պաշտպանելով փաստաբանին, ինչն էլ վերածվել է քաշքշուկի:

Կարեն Մեժլումյանը հաստատեց, որ մայիսի 27-ին խորհրդի նիստում միջադեպ է տեղի ունեցել, սակայն պատասխանելով այն հարցին, թե արդյոք Տիգրան Խուրշուդյանը շիշ է նետել Լուսինե Սահակյանի վրա, նա ասաց. «Նման հանգամանք գոյություն չունի, այսինքն՝ մենք գործ ենք քննել հարուցված վարույթի շրջանակներում, նման բան չկա»:

Պալատի խորհրդի այս որոշումից հետո տարաբնույթ հայտարարություններ եղան որոշ փաստաբանների կողմից, մասնավորապես՝ փաստաբան Հայկ Ալումյանը «Facebook.com» սոցիալական ցանցում գրել էր, որ այս որոշումից հետո «Խորհուրդը դարձավ ոչ վստահելի մի մարմին, որի հետագա որոշումներից և ոչ մեկը չեն առաջացնի ոչ հարգանք և ոչ էլ` դրանց հետևելու ցանկություն»:

Կարեն Մեժլումյանն ասաց, որ նմանաբնույթ հայտարարությունները փաստական հենք չունեն. «Որովհետև այն ինչի համար, որ պատասխանատվություն է նշանակվել այդ փաստն իրականում տեղի է ունեցել, իսկ խորհուրդն էլ որոշում է կայացրել: Ճիշտ կլինի ցանկացած մարդ սպասի, ստանա խորհրդի որոշումը և նոր պարզեն՝ այն հիմնավոր է, թե ոչ»,- ասաց պարոն Մեժլումյանը:

Հավելենք նաև, որ Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել խորհրդի որոշումը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել