Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության պահին Վ.Պերմյակովը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Այս մասին է փաստում մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։
«Եզրակացութունը միայն հետևությունից չի բաղկացած, կա նաև հետազոտական մաս, բավականին էական հանգամանքներ կան, մեզ ամբողջությունն է կարևոր»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում, անդրադառնալով եզրակացությանը, շեշտեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա այլ մեկնաբանություններ չտվեց՝ միայն ասելով, որ ուրբաթ օրը մյուս ներկայացուցիչների հետ ասուլիս կտան և կպարզաբանեն իրենց դիրքորոշումը:
Խոսելով նախաքննության ընթացքից՝ փաստաբանը կարծիք հայտնեց, որ այն մոտենում է իր ավարտին. «Ըստ երևույթին այլ քննչական գործողություններ չկան, ինձ թվում է, որ արդեն քննչական մարմինը պետք է ամբողջական գնահատական տա արարքներին»,- եզրահանգեց պարոն Սարգսյանը: