«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանին` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանին:
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից ստացվել է պատասխան այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի մոտ անցկացվել է խորհրդակցություն` Գեղամ Խաչատրյանի և նրա անմիջական ղեկավարների մասնակցությամբ:
Ոստիկանությունը հայտնել է` քանի որ Գեղամ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում արտահայտել է մասնավոր-անձնական կարծիք, այսինքն՝ արտածառայողական հարաբերություններում հանդես չի եկել իբրև ոստիկանության աշխատակից, Երևան քաղաքի վաչությունը իրավաչափ չի համարում Գ.Խաչատրյանի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցների կիրառումը:
Ի հակադրություն Ոստիկանության գնահատականի ՀԿ-ից նշում են, որ տվյալ դեպքում ոստիկանի կատարած գրառումը չի կարող նրա անձնական կարծիքը համարվել, քանի որ նա հանդիսանում է պաշտոնատար անձ, ով ծառայում է ուժային կառույցում և նրա գրառումը վերաբերում է ոչ թե իր անձնական կյանքին, այլ ոստիկան և քաղաքացի փոխհարաբերություններին:
Ըստ կազմակերպության` «ՀՀ Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հստակ նշվում է, որ ոստիկանը օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս պետք է զերծ մնա հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից, հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, մեզ հաղորդում են, որ Գ. Խաչատրյանի գործով պետք է անցկացվեր ոչ թե «խորհրդակցություն», այլ ծառայողական քննություն՝ ինչպես պահանջում է «ՀՀ Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը:
Դրանից բացի, կազմակերպությունն իր գրությամբ անդրադարձել է նաև այն հարցին, որ Գեղամ Խաչատրյանի գրառման տակ «հավանում» է տվել նաև Աշոտ Ահարոնյանը, ով, հանդիսանալով ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար, պետք է առանձնահատուկ չեզոքություն և օբյեկտիվություն ցուցաբերի, սակայն ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ընդհանրապես այդ հարցին չի անդրադարձել:
Այսպիսով ՀԿ-ն եզրահանգել է, որ ոստիկանությունը կամայականություն է դրսևորում, ոստիկանությունում գործում է անպատժելիության մթնոլորտ, և այն ոստիկանները, ովքեր խախտում են մարդու իրավունքը, կարող են մնալ անպատիժ: