Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրերի ամենամեծ նվաճումն այն է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում զբաղվածության գործակալության հետ:
«Պիլոտային տեղամասերի հսկողության տակ գտնվող անձիք պարբերաբար ուղղորդվում են համապատասխան զբաղվածության գործակալություններ, որոշակի պարբերականությամբ այդ մարդկանց հրավիրում են համապատասխան պիլոտային տեղամասեր, հրավիրվում են դատապարտված անձիք և զբաղվածության գործակալության միջոցով փորձում են նրանց աշխատանքի ընդունել»,- ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նրա նաև հավելեց, որ արդեն իսկ մարդիկ կան, որ զբաղվածության գործակալության միջոցով աշխատանքի են ընդունվել. «Բացի այդ, այն անչափահասների համար, ովքեր հսկողության տակ են, կազմակերպվել են համապատասխան մշակութային միջոցառումներ, այցեր թանգարան, նախատեսում ենք նաև հոգևոր միջոցառումներ: Պրոբացիայի պիլոտային տեղամասի աշխատակիցները անչափահասներին կուղղորդեն դեպի համապատասխան եկեղեցի և այնտեղ հոգևոր դասեր ու զրույցներ կանցկացնեն, կարծում եմ, որ այդ ամենը հենց մարդու ուղղման են նպաստում»:
Արդարադատության նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ պրոբացիայի տարբերությունը դասական պատժի իրականացման տարբերակից այն է, որ շեշտը դրվում է դատապարտյալին վերաինտեգրելու վրա: Այս պահին ծառայությունը լիարժեք չի կարող իր գործառույթներն իրականացնել, քանի որ օրենսդրական դաշտը մշակված չէ, սակայն Սուրեն Քրմոյանի հաղորդմամբ՝ արդեն իսկ պիլոտային տեղամասերն իրենց աշխատանքի որոշակի մասը կատարել են. «Մենք պարբերաբար դասընթացներ ու թրեյնինգներ ենք անցկացնում այս տեղամասերում, որովհետև պիլոտի ընթացքում հարցեր են առաջանում»,- նշեց նա:
Նշենք, որ պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագրերն իրականացվում են Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձոր քաղաքում:
Կարդացեք նաև՝
«Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը