Փաստաբան Երեմ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր բացահայտում դատախազությունից. ինչպես պարզվում է վարույթը կարճված քրեական գործով որևէ դատախազ որևէ քննիչի հանձնարարություն և ցուցում տալու, ինչպես նաև քննիչի կայացրած որևէ որոշում վերացնելու լիազորություն չունի և չի էլ ունեցել:
Համենայն դեպս սա ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական դիրքորոշումն է, քանի որ այդ պատճառաբանությամբ մերժվել է քննիչի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ բողոքը:
Վարույթը կարճված քրեական գործով քննիչին միջնորդել ենք` թույլատրել ծանոթանալ կարճված քրեական գործի նյութերին և պատճեններ հանել դրանցից: Քննիչն իր որոշմամբ անհիմն մերժել է նշված միջնորդությունը, ուստի դրա դեմ բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի որոշմամբ նշված բողոքը մերժվել է, քանի որ ըստ վերջինիս` վարույթը կարճված քրեական գործով քննիչի որոշումը դատախազի կողմից վերացնելու և քննիչին հանձնարարություն տալու լիազորություն ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում:
Հակառակը հիմնավորող օրենսդրական նորմերը և վերլուծությունները նույնիսկ անիմաստ եմ համարում ներկայացնել, սակայն պետք է փաստենք, որ այս տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում քննիչը կարող է նախաքննության ընթացքում օրենքի բազմաթիվ խախտումներ կատարել, սահմանափակել կամ խախտել անձանց իրավունքները և ազատությունները, որից հետո շտապ կարճել քրեական գործով վարույթը, որպեսզի դատախազն այլևս չկարողանա իրեն որևէ հանձնարարություն կամ ցուցում տալ, ինչպես նաև վերացնել իր կողմից կայացված որոշումները:
Էլ ուր մնաց դատախազական հսկողությունը նախաքննության օրինականության նկատմամբ, էլ ուր մնաց օրենքի պահանջը, որ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի վարույթն իրականացնող մարմինը, որպիսին տվյալ դեպքում հանդիսանում է դատախազը:
Կամ, եթե անձն իրավունք ունի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկել դատախազին, սակայն քննիչը հրաժարվում է կարճված գործի նյութերը ծանոթացման համար տրամադրել անձին և վերջինս էլ զրկվում է հիմնավոր բողոք ներկայացելու հնարավորությունից, միթե դատախազը չպետք է օրենքով սահմանված կարգով արձագանքի քննիչի այդ ապօրինությանը և չպետք է հանձնարարի այդ նյութերը տրամադրել անձին:
Ակնհայտ է, որ դատախազությունը հրաժարվում է իր լիազորությունների իրականացումից, սակայն անհասկանալի է, թե ինչու:
Գուցե ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետի այդ որոշումն անուշադրության մատնեի, եթե նմանատիպ վարքագիծը` բողոքների քննարկումներից խուսափելը կամ հրաժարվելը դատախազության մոտ գործելաոճ դարձած չլիներ:
Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել և կբերեն նաև իմ գործընկեր փաստաբանները, երբ քննիչի որոշումը բողոքարկում ենք դատախազին, սակայն այն կրկին ուղարկվում է նույն քննիչին, որպեսզի վերջինս քննարկի` օրինական և հիմնավոր էր իր որոշումը, թե ոչ, կամ ներկայացված բողոքի վերաբերյալ դատախազն, օրենքի խախտմամբ, նույնիսկ որոշում չի կայացնում և մեկ-երկու տողանի գրությամբ պատասխանում է բազմաթիվ հիմնավորումներով բողոքին, իսկ երբ դատարան ներկայացված բողոքում էլ հիմնավորում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով դատախազը պարտավոր է որոշում կայացնել ներկայացված բողոքի վերաբերյալ, վերջինս առանց նեղվելու դատարանում պնդում է, որ ինքը նման պարտավորություն չունի:
Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որպեսզի վերացվի նման` օրենքից չբխող գործելաոճը»: