Նախկին ոստիկանապետ և ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի եկամուտները հատկապես վերջին երկու տարիներին ավելացել են. այս մասին տեղեկանում ենք նրա ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրերից: Նշենք, որ 2008 թվականին Ալիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, իսկ 2011-ին՝ նախագահի խորհդրական:
Ստորև ներկայացնում ենք նախկին ոստիկանապետի 4 տարվա ընթացքում հայտարագրած ընդհանուր եկամուտը:
2011 թվականին Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 120 միլիոն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում մնացել է անփոփոխ: Եկամուտը հարկային տարում կազմել է 5 միլիոն 517 հազար դրամ:
Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները 2012 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, չեն փոխվել՝ շարունակել է ունենալ 120 միլիոն դրամ և 70 հազար դոլար: Իսկ ահա եկամուտները նվազել են մոտ 2 միլիոնով` դառնալով 3 միլիոն 547 հազար դրամ:
2013 թվականին էականորեն աճել են նախագահի խորհրդականի թե դրամական միջոցները, թե եկամուտները: Տարեսկզբին նրա դրամական միջոցները կազմել են 120 միլիոն դրամ և 70 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 146 միլիոն դրամ:
2013-ին Ալիկ Սարգսյանն աշխատանքի դիմաց ստացել է 8,4 միլիոն դրամ, և 18,4 միլիոն դրամի եկամուտ էլ ստացել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 27 միլիոն:
Ալիկ Սարգսյանը 2014 թվականին ձեռք է բերել 72 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, վերցրել է նաև փոխառություն` 60 միլիոն դրամ արժողությամբ, որը վերադարձվել է նույն հարկային տարում:
Դրամական միջոցները 2014 թվականի սզկբին կազմել են 146 միլիոն դրամ, իսկ տարվա ավարտին 130 միլիոն դրամ և 54 հազար ԱՄՆ դոլար: Այս տարի նույնպես եկամուտը էականորեն աճել է: Աշխատանքի դիմաց ստացել է շուրջ 5,7 միլիոն դրամի վարձատրություն, և այլ՝ չնշված աղբյուրներից ստացել է ևս 25.8 միլիոն դրամի եկամուտ: Ընդհանուր եկամուտը կազմել է 31 միլիոն:
Ալիկ Սարգսյանի կնոջ՝ Անահիտ Սարգսյանի դրամական միջոցները 2011-ին կազմել է 7 միլիոն դրամ և 6500 դոլար, հարկային տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել: 2012-ին հայտարագրում փոփոխություն չի եղել, մինչդեռ 2013-ին Ալիկ Սարգսյանի կնոջ դրամական միջոցները դարձել են 7 միլիոն դրամ, նույքան գումար հայտարարագրել է նաև 2014-ին:
Հետաքրքիր է այն, թե ինչպես են Անահիտ Սարգսյանի դրամական միջոցներն ավելացել, եթե նա վերոնշյալ տարիների ընթացքում եկամուտ չի ունեցել:
Լաուրա Մամյան
Լուսանկարը՝photolure-ի