Կուտակային կենսաթոշային համակարգի դեմ պայքարը` աշխատանքից ազատման պատճառ. գործը վերաքննիչում է

15 տարվա փորձառություն ունեցող շարժասանդուղքի մեքենավարները մինչև հիմա մշտական աշխատանք չունեն: Պատճառը աշխատանքային գրքույկում նշված` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքն է:

Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ ընդունեց Երևանի Մետրոպոլիտենի երեք նախկին աշխատողների գործով բողոքի քննությունը, ընդ որում՝ վերաքննիչ բողոք ներկայացրել էին թե՛ աշխատողները, թե՛ Մետրոպոլիտենը:

Մետրոպոլիտենի համահայցվոր՝ նախկին աշխատակիցների պաշտպան «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինե Գևորգյանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է ամբողջականորեն բավարարեր հայցվորների աշխատանքի վերականգնման պահանջը, մինչդեռ հայցադիմումը բավարարվել է մասնակիորեն: Բացի այդ դատարանը վճռել է աշխատողներին փոխհատուցել միջին աշխատավարձի հնգապատիկի չափով, ինչն, ըստ պաշտպանի, դատարանի կողմից սխալ մոտեցում է:  Քրիստինե Գևորգյանի խոսքով՝ աշխատողներին պետք է փոխհատուցվեր օրենքով սահմանված առավելագույն չափը` տասներկուսապատիկը:

Պաշտպանը հենց այս հիմքով է ներկայացրել վերաքննիչ բողոքը:

Երևանի Մետրոպոլիտենը ևս բողոքարկել է վճիռը` պատճառաբանելով, որ  իրենց կողմից ներկայացված ապացույցները առաջին ատյանի դատարանը պատշաճ կերպով չի քննել: Բողոքում նշվում է, որ աշխատակիցները կատարել են շահագործման կանոնների խախատում` իրենց վստահված աշխատանքում և ամենօրյա գրանցամատյաններում կատարվող աշխատանքներում թույլ են տվել կոպիտ սխալներ:

Մինչդեռ Քրիստինե Գևորգյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ վստահությունը կորցնելու որևէ հանգամանք չկա, բացի այդ, ղեկավարության կողմից հաստատվել է, որ աշխատակիցները բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը, որը որպես ապացույց  ներկայացվել  է դատարանին. «Մենք բողոքին կից  ներկայացրել ենք  նաև վճռաբեկ դատարանի նախադեպային մի որոշում, որով նույնիսկ եթե տվյալ աշխատանքում այլ աշխատող ընդունած լինեն, հիմք չի կարող հանդիսանալ նախկին աշխատողի` աշխատանքի չվերականգման համար»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ աշխատանքի ազատման հիմքը բոլորովին այլ է. «Մենք շարունակում ենք մեր կարծիքին մնալ, որ իմ վստահորդներին աշխատանքից ազատել են  կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ակցիային մասնակցելու համար, երբ սեփական իրավունքները պաշտպանելու մղումով 73 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ղեկավարությանը, մինչդեռ հակառակն է եղել»:

Փաստաբանի խոսքով 73 դիմողներից աշխատանքից  ազատվել են միայն երեք, ովքեր ավելի ակտիվորեն են պայքարել:

Լ. Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել