Հայաստանի Հանրապետության պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար խրախուսման բարձրագույն ձևն են:
Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը, Հայաստանի Հանրապետության շքանշանները և Հայաստանի Հանրապետության մեդալները:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է։
Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն են ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը և այլն:
Պետական պարգևները և պատվավոր կոչումները, դրանց տեսակները, դրանք շնորհելու կարգը և այլ հարցեր կարգավորվում են «ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով:
Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է ՀՀ Նախագահը` սեփական նախաձեռնությամբ կամ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա` հրապարակելով հրամանագրեր։
ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվում է այն պաշտոնատար անձանց շրջանակը, ովքեր իրավասու են ներկայացնելու ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն:
Օրինակ, ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը` տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում:
Նշված հրամանագրով որոշակի պահանջներ են ներկայացվում նաև միջնորդությանը: Մասնավորապես,
• Միջնորդության մեջ նշված անձը կամ կոլեկտիվը չի տեղեկացվում միջնորդության մասին:
• Միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է `
1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը,
2) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը,
3) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի զբաղեցրած պաշտոնը, գործունեության բնույթը,
4) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:
• Միջնորդությանը կցվում են`
1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անհատական թերթիկը,
2) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի կողմից մատուցված ծառայությունները,
3) պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը,
4) պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից կամ պատվավոր կոչումից` պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հարցը, ինչպես նաև պետական պարգևի տեսակը որոշում է ՀՀ Նախագահը:
Թեև վերը նշվածպահանջները ներկայացվում են միայն միջնորդությանը, սակայն կարելի է ենթադրել, որ նույն չափանիշները պետք է ընկած լինեն նաև առանց միջնորդության ընդունվող հրամանագրի հիմքում:
Արփինե Եղիկյան
ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան
Իրավաբան. net