ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկուհու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննության տվյալներով հիմնավորվել է, որ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանը, ունենալով հոգեմետ /հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու լիազորություն, մեկ այլ հիվանդի անվամբ դուրս է գրել «Դիազեպամ» գրառմամբ 48 հատ դեղահաբի դեղատոմս, որոնցից նրան տրամադրվել է մի քանի հատը, իսկ մնացածն իրացրել է այլ անձի, ում ինքնությունը եւս քննությամբ պարզվել է։
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բժշկուհու բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նաեւ «Լորազեպամ 2մգ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ հոգեմետ նյութերը բժշկուհուց ապօրինի ձեռք բերած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (1 դրվագ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net