2015 թվականի օգոստոսի 30-ին ՏՎԽ-ն հրապարակել է ներկայումս ԵԱՔԴ/1548/02/12 դատական գործով Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից «հրապարակային արտահայտություն» հասկացության մի մեկնաբանության վերաբերյալ:
Ներկայումս ընթացքի մեջ գտնվող թիվ ԵԱՔԴ/1548/02/12 դատական գործով Քաղաքացիական վերաքննիչ դատարանը տվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված «հրապարակային արտահայտություն» հասկացության մի մեկնաբանություն, որի վերաբերյալ Խորհուրդը անհրաժեշտ է համարում արտահայտել կարծիք։
ՓԱՍՏԵՐԸ
Նշված գործով պատասխանող Հրաչյա Հարությունյանը զբաղեցրել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) անվտանգության եւ վերահսկողության տնօրենի տեղակալի պաշտոնը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում Հրաչյա Հարությունյանը բացահայտել է ընկերության տարբեր աշխատակիցների կողմից խոշոր չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր, որոնց վերաբերյալ որոշել է տեղյակ պահել Ընկերության ղեկավարությանը։ Այդ նպատակով չարաշահումների մասին իր վերլուծությունները, գրավոր փաստաթղթերը 2012 թվականի մարտ ամսին Ընկերության ինտերնետ կայքի թեժ գծով, էլեկտրոնային եղանակով ուղարկել է Ընկերության տնօրենների խորհրդին։ Ընկերության ինտերնետային կայքի «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի էջում ընթերցողների, կայքի այցելուների համար տեղադրված էր հետևյալ հայտարարությունը.
«Անձինք, ում հայտնի են գործողություններ, որոնք պատճառել են կամ կարող են պատճառել նյութական վնաս կամ վնասել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությանը, այդ տեղեկությունների մասին կարող են հայտնել թեժ գծին՝ կայքում նշված էլեկտրոնային հասցեներով: Տվյալ անձանց դիմումները օպերատիվորեն կստանան ներքին աուդիտի, կոնտրոլինգի եւ ռիսկերի ղեկավարման Բլոկը, որն անմիջապես ենթարկվում է Տնօրենների խորհրդին եւ անկախ է մենեջմենթից: Շարադրված փաստերով կանցկացվի անկախ ստուգում, ընդ որում, իրենք երաշխավորում են, որ ստացված տեղեկությունները կմնան անանուն (կպահպանվի գաղտնիության ռեժիմը»:
Մի քանի ամիս անց անց Ընկերության անվտանգության և վերահսկողության հարցերով տնօրենը զանգահարում է Հրաչյա Հարությունյանին և առաջարկում է հանդիպել։ Հանդիպման ընթացքում, որին որևէ երրորդ անձ չէր մասնակցում, անվտանգության տնօրենը ցույց է տալիս իր մոտ եղած տպած տեքստերը և փաստաթղթերը և հարցնում, թե արդյոք նա է այն անձը, ով նշվածը ուղարկել է ընկերության ինտերնետ կայքի թեժ գծով, որին Հ. Հարությունյանը դրական պատասխան է տալիս։ Անվտանգության տնօրենը առաջարկում է նրան ստորագրել փաստաթղթերի և հայտարարության տակ որպես հավաստիացում, որ հայտարարության հեղինակը Հ. Հարությունյանն է, որին վերջինս համաձայնվում է ստորագրում։
Մի որոշ ժամանակ անց ընկերության մեկ այլ աշխատակից դատական հայց է ներկայացնում Հ. Հարությունի դեմ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ նրան մեղադրելով իր հասցեին վիրավորական և զրպարտող բնույթի հայտարարությունների տարածելու մեջ։ Դատական վարույթի ընթացքում Հ. Հարությունյանը պնդել է, որ դիմումը ենթակա է մերժման, քանի որ ինքը հրապարակային հայտարարություններ չի կատարել։ Վեճի առարկա հայտարարությունները և տեքստերը ուղարկել է Ընկերությանը ոչ հրապարակային եղանակով՝ համացանցով և գաղտնիության բոլոր պայմանների ապահովմամբ, իչպես նաև ընկերության պաշտոնատար անձի հետ հանդիպման ժամանակ, որ դեպքում նույնպես որևէ երրորդ անձ ներկա չի եղել և այդ հանդիպումն էլ է անցել գաղտնիության, ոչ հրապարակային պայմաններում։
Առաջին ատյանը ընդունել է այս պնդումը և դատական հայցը այդ հիմքով մերժել։ Սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը ուղարկել նույն դատարան նոր քննության։ Վերաքննիչ դատարանը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել 1087.1 հոդվածի «հրապարակային արտահայտություն» հասկացությունը։ Վերաքննիչ դատարանը գտել է որ 2012թ. մարտ ամսին համացանցի միջոցով Ընկերությանը գաղտնապահության եղանակով ուղարկած հայտարարությունը մի քանի ամիս անց Ընկերության աշխատակցի հետ հանդիպման համատեքստում համարվում է հրապարակային հայտարարություն։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթներում սահմանված «հրապարակային արտահայտություն» հասկացությունը այս հոդվածի կիրառության նախապայմաններից մեկն է՝ եթե ոչ ամենակարևոր նախապայմանը։ Ցանկացած գործով այս հոդվածի կիրառելիության հարցը որոշելիս առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք վիճահարույց հայտարարությունը տարածվել է հրապարակային եղանակով, թե` ոչ։ Հաշվի առնելով դրա կարևորությունը, Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-997 որոշման մեջ մեկնաբանել է այս հասկացությունը, սահմանելով, որ «Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կոչված է հանրության առջև առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետևանքների հաղթահարմանը»։ Այսինքն, ըստ Սահմանադրական դատարանի, հայտարարությունը բոլոր դեպքերում պետք է կատարված լինի առնվազն մեկ այլ անձի ներկայությամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես մեկնաբանել է այս հասկացությունը։ Մասնավորապես, թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացրած իր որոշման մեջ վերջինս սահմանել է, որ «հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները» ։ Այսինքն, Վճռաբեկ դատարանը կարևորել է հնչեցված հայտարարության՝ երրորդ անձի ներկայությամբ կատարված լինելու հանգամանքը որպես հրապարակայնության անհրաժեշտ պայման։ Այս գաղափարը կրկին շեշտվել է նույն պարբերությանը հաջորդող պարբերության մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանը, հրապարակային արտահայտության իրականացման եղանակները բացատրելիս, շեշտել է հնչեցված արտահայտության այնպիսի եղանակը, որի դեպքում առնվազն մեկ այլ անձ «հաղորդակից» է դարձվում հնչեցված խոսքին։ Այսինքն, եթե հրապարակայնության առումով նախապայման է, որ առնվազն մեկ անձ «հաղորդակից» դարձված լինի հնչեցված խոսքին, ապա դա պետք է կատարված լինի բացառապես արտահայտության հնչեցման պահին, այլ ոչ թե այլ պահի՝ հատագայում։ Հենց այդ նպատակով է Վճռաբեկ դատարանը իր նախադեպային սահմանման մեջ օգտագործել «ներկայությամբ» արտահայտությունը։
Ի տարբերություն նշված կարգավորումների, Հրաչ Հարությունյանի գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ ««մեկ երրորդ անձի» հասկացությունն ինքնին հանգում է «տուժողից» և «զրպարտողից» տարբեր մեկ այլ անձի մոտ տեղեկություններ ներկայացնելուն»։ Այստեղ խառնաշփոթ է առաջացնում «ինքնին» բառը. ստացվում է, որ նույնիսկ եթե արտահայտությունը մեկ անձից երկրորդ անձին ասվել է գաղտնապահության պայմաններում և առանց երրորդ անձի ներկայության, եթե նույն արտահայտությունը հետագայում, որոշ ժամանակ անց ասվել է կամ հաղորդակից է դարձվել որևէ երրորդ անձի, բայց կրկին գաղտնապահության պայմաններում, արդեն իսկ բավարար հանգամանք է, որպեսզի առաջին արտահայտությունը երկրորդ արտահայտության հետ միասին համարվի հրապարակային՝ անկախ այն հանգամանքից, որ ո´չ առաջին հայտարարության, ո´չ էլ երկրորդ հայտարարության ժամանակ որևէ երրորդ անձ ներկա չի եղել և հաղորդակից դարձված չի եղել այդ արտահայտություններին։
Վերաքննիչ դատարանի կողմից «ինքնին» հասկացության կիրառումը և դրա հիման վրա տրված մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում նորություն է։ Նման հասկացություն սահմանված չէ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում, և ոչ էլ նման հասկացություն երբևէ սահմանվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից։ Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը առերևույթ հակասում է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին։ Ավելին, նման մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է իրավական անորոշության, քանի որ միևնույն արտահայտության վերաբերյալ առկա են դատարանների երկու միմյանց հակասող մեկնաբանություններ, մինչդեռ իրավական որոշակիության սկզբունքը իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկն է։ Եվ վերջապես, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը էապես վտանգում է աշխատավայրում խախտումների մասին տեղեկացնող աշխատակիցների պաշտպանությունը (whistleblower protection), որի առումով Եվրոպայի խորհուրդը հորդորում է անդամ պետություններին իրենց ներպետական իրավական համակարգում ամրագրել նման անձանց պաշտպանության համար «նորմատիվ, ինստիտուցիոնալ և դատական կառուցակարգեր»։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան- Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր