Արդյո՞ք արագաչափ սարքերը ճիշտ են ֆիքսում Ձեր արագության գերազանցումը

Վարորդները մտավախություն ունեն, որ քաղաքում տեղադրված արագաչափերը չափագրական ստուգում չեն անցնում կամ եթե անցել են, ապա սպառվել է ստուգման արդյունքում տրված սերտիֆիկացումը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երիտասարդ իրավաբանների ասոցացիայի իրավախորդհրադատու Առնոլդ Վարդանյանը. «Քաղաքացիները ստանում են վարչական ակտեր, որոնցում տրված խախտումը հիմնավոր ենթադրություն է տալիս վարորդներին կասկածելու դրանց սերտիֆկացած լինելուն: Իմ վստահորդներից մեկը դիմել էր  Ճանապարհային ոստիկանությանը և նրան մերժել էին տրամադրել այդ փաստաթղթի պատճենը: Հարց է առաջանում, որն է մերժման պատճառը»: Իրավախորհրդատուն տվյալ խնդրով հարցումներ հղել պատկան մարմիններին, սակայն  նրան նույպես  չի հաջողվել ձեռք բերել  սերտիֆիկացումը հավաստող փաստաթուղթը:

Իսկ փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ նշում է, որ արագաչափերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների. «Վերջերս նման մի դեպք եղավ, արագաչափի մոդելը սխալ էր,  քաղաքացին դիմել էր դատարան և բավարարել էին նրա հայցը»:

Kiviryan_4501Ըստ պարոն Կիվիրյանի` տեխնիկական սարքերի  միջոցով քաղաքացու նկատմամբ, եթե  վարչական ակտ են կիրառում, ապա նա իրավունք ունի  պահանջելու համապատասխան փաստաթուղթը`համոզված լինելու տվայլ արագաչափի պիտանելության և հավաստելության մեջ:

Ի՞նչ են պատասխանում  պատկան մարմինները

Իրավաբան.net-ը նույնպես փորձեց ձեռք բերել վարորդներին հետաքրքրող այդ փաստաթղթի պատճենը:  Ի պատասխան մեր  հարցման` Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին  որ ՀՀ-ում շահագործվող բոլոր արագաչափ սարքերը անցել են չափաբանական ստուգում: Վերջին ստուգումը եղել է 2015 թվականի օգոստոսին` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության չափագիտության ազգային մարմնի կողմից և բացառված է արագաչափերի սխալ արագություն արձանագրելու  հարցը:

Մինչդեռ Ոստիկանությունից մեզ չտրամադրեցին հավաստող փաստաթուղը, որը մենք խնդրել էինք կից ներկայացնել պատասխանի հետ: Հարցում ուղարկեցինք նաև «Սեքյուրիթի Դրիմ»-ին: Սկզբից մեզ պատասխանեցին, որ հարցման նամակը չեն ստացել, իսկ երկորդ անգամ էլեկտրոնային եղանակով ուղարկելուց հետո` հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ իրենց իրավաբանը շատ զբաղված է և ժամկետների մեջ չի տեղավորվում:

Ո՞րքան պարբերականությամբ պետք է ստուգվեն արագաչափերը և ինչ անել եթե կան կասկածներ

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Աշխեն Դաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շահագործվող բոլոր արագաչափերը պետք է ունենան ստուգաչափման մասին վկայականներ`սերտիֆիկատներ: Հետևաբար եթե դրանք առկա չեն և ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը չի ճանաչվել պիտանի և թույլատրելի կիրառման համար, դրա արդյունքում կայացված վարչական ակտերը ոչ իրավաչափ վարչական ակտեր են, նշում է փաստաբանը:

DashyanԻսկ մեր այն հարցին, թե որքա՞ն ժամանակը մեկ պետք է անցնեն համապատասխան ստուգում, փաստաբանը պատասխանեց. «Սովորաբար գործի շրջանակներում իմ կողմից կատարված հարցումների ընթացքում ուսումնասիրման արդյունքում ստացվել է որ այդ արագաչափ սարքերի սերտիֆիկացումը տրվել է մեկ տարի ժամկետով»:

Այդուհանդերձ, փաստաբանը նշում է , որ եթե կան կասկածներ արագաչափերի հետ կապված, եթե նույնիսկ ակտերը կայացվել են իրավական որոշակիության սկզբունքի խախտումներով, չվճարել և չվիճարկել ակտը սխալ մոտեցում է. «Ես վարորդներին խորհուրդ կտամ, վիճարկել ակտերը, նկատի ունենալով, որ ակտի վիճարկման փուլում տուգանքը չի կարող կրկնապատկվել; Հաջողության չհասնելու դեպքում էլ այն դարձյալ չի կարող կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե բողոքարկման բոլոր ժամկետները սպառելուց հետո այն վճարում ես»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Աշխեն Դաշյանը` հավելելով, որ չվճարելով և չվիճարկելով տուգանքը դա չի կարող ազատել վարորդներին հետագա պատասխանատվությունից, ինչպես նաև ակտը չկրկնապատկվելու ռիսկից:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել