Պե՞տք է արդյոք Հայաստանում մահապատիժ կիրառել. մասնագետների կարծիքները

Մահապատիժը աշխարհի գրեթե բոլոր պետություններում վաղուց վերացել է, փոխարինվել` ցմահ ազատազրկում պատժի տեսակով: Չնայած իր դաժանությանը, պետություններ կան, որտեղ ժողովուրդը կողմ է լինում մահապատժին, պատճառաբանելով, որ ծանր հանցագործություն կատարողները պետք է միանգամից վերացվեն: Սակայն կան երկրներ, օրինակ՝ Չինաստանը, որտեղ մահապատժի կարող ենք ենթարկվել անգամ կաշառակերության կամ գողության համար:

Ըստ Վիկիպեդիայի՝ մեր օրերում 200-ից ավելի պետություններից միայն 68-ում է գործում մահապատիժը: Վերացել են նաև մահապատժի ավելի սոսկալի ձևերը` քառատում, եռացող ջրի մեջ եփում, կիզում, կենդանի թաղում և այլն: Մեր ժամանակներում մահապատժի տեսակներն են` գնդակահարություն (գործում է մոտ 18 երկրներում), կախաղան (19 երկրներում), քարահալած (գործում է մի քանի մահմեդական երկրներում), մահացու ներարկում (կիրառվում է 4 երկրում), էլեկտրական աթոռ (ԱՄՆ-ի 7 նահանգներում), գլխատում (գործում է 10 երկրում) և գազախցիկ (կիրառվում է մոտ 10 երկրներում):

Արդյոք պետք է մահապատիժը կիրառել մեր երկրում: Իրավաբան.net-ը խոսեց փաստաբաններ Ամո Շարոյանի և Անժելա Հոբոսյանի հետ:

Ամո Շարոյանը կտրականապես դեմ էր մահապատժին. «Մենք այդ իրավունքը չունենք, դա շատ սխալ է, ինչ ասել է մահապատժի ենթարկել, մենք ով ենք որ մարդու կյանք խլենք: Տեսեք մեր աչքի առաջ ունենք Պերմյակովի դեպքը, ում ես մարդ չեմ էլ համարում, իր համար ավելի հեշտ կլիներ մահապատիժ կիրառել և միանգամից գործը վերջանար, գնար, բայց պետք է ցմահ դատապարտել, որ իր արդար պատիժը կրի խուցում»,- եզրափակեց փաստաբան Շարոյանը:

Հակառակ կարծիքի էր Անժելա Հոբոսյանը, ով միանգամայն կողմ է, որ Հայաստանում մահապատիժ կիրառվի առանձնապես ծանր հանցագործություն կատարողների նկատմամբ. «Համեմատած 10 տարի առաջ եղած տվյալների` մեզ մոտ վերջին տարիներին շատացել են մարդասպանությունները և ծանր հանցագործությունները, ամեն օր մենք լսում ենք սպանության մասին, որոնք պետք է կանխարգելել: Նման ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կարելի է կիրառել մահապատիժ, որպեսզի գոնե ինչ-չափով կանխարգելվեն այդ դեպքերը»:

Փաստաբան Հոբոսյանը նույնպես անդրադարձավ Գյումրիում հայ ընտանիքի 7 անդամների կյանք խլած Վալերի Պերմյակովի դեպքին՝ ասելով, որ հենց առաջինը նրան պետք է ենթարկել մահապատժի. «Պետք է վերացնել նման մարդուն մեր հասարակությունից, հակառակ դեպքում անժամկետ լինելով բանտարկության մեջ՝ նրանք ապրում են մեր՝ հարկատուներիս հաշվին»:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել