Նորություններ

ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն անվտանգ են

Վերջին շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման անվտանգության վերաբերյալ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտնող հրապարակումները, որոնք հիմնականում վկայակոչում են նույն տեսանյութը, միանշանակ չի ընկալվում։ Նախարարություն են դիմում շատ մասնագետներ, որոնց անհանգստացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վերահսկման նպատակով Իմունականխարգելման ազգային օրացույցը նոր պատվաստումով համալրելու  ծրագրի ոչ ճիշտ ընկալման խնդիրը։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Թարգմանաբար ներկայացնում ենք   քաղվածք 2017թ. հունիսի 7-8 Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խոհրդատվական հանձնաժողովի զեկույցից, որը հրապարակվել է ԱՀԿ-ի 2017թ. հուլիսի 14-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկատվական թերթիկում  

http://www.who.int/vaccine_safety/committee/topics/hpv/June_2017/en/

2006թ. արտոնագրվելուց հետո կիրառվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270 մլն դեղաչափ։ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խոհրդատվական հանձնաժողովը (ՊԱԳԽՀ) ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ անվտանգության տվյալներն առաջին անգամ վերանայել է 2007թ., այնուհետև հաջորդաբար՝ 2008, 2009, 2013, 2014 և 2015 թվականներին։

2017թ. իրականացվեց Միացյալ Թագավորությունում  արձանագրված դեպքերի հետազոտություն՝ Գիյեն-Բարրեի  համախտանիշի զարգացման բարձր ռիսկի գնահատման նպատակով։ Նշված հետազոտությունը ցույց տվեց, որ ՄՊՎ-ի պատվաստանյութի ցանկացած դեղաչափի ներմուծման արդյունքում Գիյեն-Բարրեի  համաշտանիշի զարգացման բարձր ռիսկ առկա չէ։ Բացի այդ, ԱՄՆ-ում իրականացված հետազոտություններում Գիյեն-Բարրեի  համախտանիշն ընտրվեց որպես պատվաստման հետևանք՝ կիրառելով ՀԱԴ-երի հաղորդման համակարգը (VAERS) և Պատվաստանյութերի  անվտանգության տվյալների համակարգը (VSD): ՊԱԳԽՀ-ն հանդես եկավ ՀԱԴ-երի հաղորդման համակարգի միջոցով 60 մլն օգտագործված դեղաչափերի և Պատվաստանյութերի  անվտանգության տվյալների համակարգի՝ մինչև 2015թ. վերջը 2.7մլն ներարկված դեղաչափերի արդյունքների ուսումնասիրության նոր տվյալներով։ ՄՊՎ դեմ պատվաստաման և Գիյեն Բարեի  համախտանիշի միջև որևէ կապ չի հայտնաբերվել։ Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ  պատվաստանյութի 1մլն դեղաչափի հաշվով Գիյեն Բարեի  համախտանիշի  մինչև 1 դեպքի առաջացման ռիսկը  կարելի է բացառել։

Քանի որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները հաճախ իրականացվում են երիտասարդ տարիքի կանանց շրջանում, շատ կարևոր է մշակել հղի կանանց անվտանգության չափանիշներ՝ օրինակ, եթե  իրականացվել է պատահական պատվաստում հղիին: Մինչև օրս, պատվաստանյութի օգտագործման թույլտվության  տրամադրումից առաջ իրականացված կլինիկական փորձարկումների, ինչպես նաև օգտագործման թույլտվության տրամադրումից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հղիների հետ կապված անվտանգության խնդիրներ ի հայտ չեն եկել։ Այս տվյալները ներառում են Դանիայում իրականացված ազգային կոհորտային հետազոտությունը, որի ընթացքում հետազոտվել է 540805 հղի։  Բացի այդ, հանձնաժողովին է ներկայացվել Պատվաստանյութերի  անվտանգության տվյալների համակարգից >92 000 հղիության դեպք։  Հղիության ընթացքում պատահական պատվաստման արդյունքում ոչ մի կողմնակի ազդեցություն ոչ մոր, ոչ նորածնի մոտ չի արձանագրվել։

ՊԱԳԽՀ հանձնաժողովը եզրակացրել է, որ չկա որևէ ապացույց ՄՊՎ-ի դեմ  պատվաստման և ընդհանուր ցավային, դիրքային օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշների, ինչպես նաև տարբեր ախտանշանների (ցավ և շարժողական խանգարումներ) միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ։

Այն երկրներում, որտեղ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ծրագրերի իրականացումը հաջող է ընթացել, արդեն իսկ ակնհայտ երևում են առավելությունները։   Մի շարք երկրներ, որոնք ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն ընդգրկել են իրենց պատվաստումների ազգային օրացույցում, հայտնում են երիտասարդ կանանց շրջանում արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների հիվանդացության ցուցանիշի 50% նվազման մասին։ Ի տարբերություն  Ճապոնիայի, որտեղ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները ակտիվորեն չեն քարոզվում, 1995-2005թթ. կտրվածքով արգանդի պարանոցի քաղցկեղից մահացության ցուցանիշը աճել է 3.4%-ով և կանխատեսվում է 5.9% աճ՝ 2005-2015թթ. կտրվածքով։ Հիվանդության բեռի ավելացումը հատկապես ակնհայտ է 15-44 տարեկան կանանց շրջանում։

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի արտոնագրումից ի վեր ՊԱԳԽՀ-ը, իրականացված լայնածավալ հետազոտությունների արդյունքում, չի հայտնաբերել անհանգստություն առաջացնող որևէ նոր ՀԱԴ։

Հղում՝

http://www.who.int/vaccine_safety/committee/topics/hpv/June_2017/en/

Առավել մանրամասն նյութին կարելի է ծանոթանալ այստեղ` http://moh.am/uploads/Global-Safety-HPV.pdf

Ի դեպ, այն զետեղված է նախարարության պաշտոնական կայքի Իմունականխարգելում դարանի Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդրում բաժնում, ուր կարելի է նաև ծանոթանալ զանգվածային լրատվամիջոցներում հաճախակի հնչող հարցերի պատասխաններին։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել