Նորություններ

Քայլ առաջ և համագործակցություն` ի նպաստ հեմոֆիլիայով հիվանդների բուժման

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի Հումանիտար օգնության ծրագրերի տնօրեն, պրոֆեսոր Ասադ Հաֆարը,  հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Վանեսա Հերիքը և ռազմավարության գծով տնօրեն Սառա Ֆորդը   Հայաստան են ժամանել հեմոֆիլիայի ծառայության, Հեմոֆիլիայով հիվանդների  հայկական ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության լավագույն օրինակն աշխարհին ներկայացնելու նպատակով։  Նրանք ծանոթացել են ՀՀ ԱՆ Արյունաբանական  կենտրոնում ծավալվող գործունեությանը, հանդիպել առաջատար մասնագետների, հասարակական կազմակերպության անդամների հետ։

Այնուհետև ՀՀՖ-ի պատվիրակության անդամները հանդիպել են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը, հումանիտար օգնությանը վերաբերող, ինչպես նաև հիվանդների բուժման բարելավմանն առընչվող հարցեր:

Նախարարը նշել է, որ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի Հումանիտար օգնության ծրագրերի կողմից ցուցաբերվող օժանդակությունը մեծ ներդրում է Հայաստանի առողջապահության համակարգում։  «Ձեզ հետ համագործակցության արդյունքում բարելավվել է հեմոֆիլիայով հիվանդների կյանքի որակը, ինչպես նաև տևողությունը»,-ասել է Լևոն Ալթունյանը։ Նա ընդգծել է նաև Արյունաբանական կենտրոնի արդյունավետ աշխատանքը  որպես բուժհաստատություն, հասարակական կազմակերպություններ և հիվանդներ եռակողմ համագործակցության լավագույն մոդելի ապահովող:

Հանդիպման վերջում պրոֆեսոր Ասադ Հաֆարը պատվոգրեր է շնորհել Արյունաբանական կենտրոնին և տնօրեն Սմբատ Դաղբաշյանին՝ ՀՀ-ում հեմոֆիլիայով տառապող հիվանդների ախտորոշման, բուժման և խնամքի գործում կատարած գերազանց աշխատանքի համար:

Նշենք, որ Հայաստանում հեմոֆիլիայի ծառայությունը լայնորեն զարգացել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի աջակցության շնորհիվ: 12 տարի առաջ մեկնարկած համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնի լաբորատորիաները հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով, ներդրվել է լաբորատորիայի արտաքին որակի վերահսկողության IQASSP ծրագիրը, բժիշկ մակարդաբաններից և լաբորատոր մասնագետներից կազմված խումբը վերապատրաստվել է արտասահմանյան բուժհաստատություններում:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել