Ազգային Ժողովում քննարկվել են զինկենսաթոշակներին և հաշմանդամությանը վերաբերող օրենքների նախագծեր

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 5-ին քննարկվել է  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Օրենքով առաջարկվում է կարգավորել  օտարերկրյա պետությունում բուժվող,  հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ընդգծել է, որ նպատակը  կենսաթոշակի տրամադրման գործընթացի դյուրացումն է, այսինքն, եթե հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողը բուժման նպատակով գտնվում է արտերկրում և չի կարող ներկայանալ կենսաթոշակը ստանալու համար, ապա  վերջինիս կողմից  տրված լիազորագրով  կենսաթոշակը կարող է ստանալ լիազորված  անձը:

Նախարարը  հանձնաժողովում ներկայացրել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ևս առաջարկվում է ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ գործող օրենքն ընդունվել է 1993թ. և այն հիմնովին փոփոխելու կարիք ունի: Օրենքի հիմքում դրված է ամենակարևոր խնդիրը, դա հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունն է և օրենսդրության  համապատասխանեցումը  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին, որը ՀՀ-ի կողմից վավերացվել է 2010թ.:

Օրենքի նախագծի հետ կապված «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին մի շարք քաղաքացիներ հաշմանդամության խմբից զրկվել են ընթացակարգերի փոփոխության պատճառով։

Նախարարն իր հերթին նշել է, որ որևէ որոշում չի կայացվել պահի ազդեցությամբ, օրենքը շատ երկար է մշակվել, և այն նպատակ ունի հստակ փորձաքննության միջոցով սահմանել հաշմանդամության խումբը՝ տարանջատելով հաշմանդամություն ունենալը հիվանդություն ունենալուց։

«Քաղաքացիների տեսանկյունից շատ նախընտրելի է հաշմանդամության խմբի ձեռք բերումը, քանի որ այն թույլ է տալիս օգտվել որոշ ծառայություններից»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը։

Ներկայացված օրենքի նախագծերն արժանացել են  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը և կընդգրկվեն ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել