Ստեփան Սաֆարյան. «Պետք է լինի հստակ մշակութային քաղաքականություն»

Հայկական պատվիրակությունը Բաքվում կայացած «Եվրանեսթի» Խորհրդարա­նական վեհաժողովից վերադարձել է «նվերներով»:

Բոլոր երկրների պատվիրակություններին գորգ, «Շուշի» անունով կոնյակ և «Ադրբեջանի» հնագույն պետությունների մասին պատմող գիրք են նվիրել: «Եթե այս խնդրին մենք շատ լուրջ չմոտենանք, վեճերը հավերժ են լինելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ու հավելեց`Ադրբեջանի առաջին տիկինը բավական մեծ ազդեցություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա ոչ միայն ֆինանսական, այլ նաև անձնական առումով և հանդիսանում է նրա դեսպաններից մեկը»:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի ներկայացրած «Դուդուկը և իր երաժշտարվեստը» ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, սակայն Ադրբեջանը շարունակում է համարել այն ադրբեջանական և անվանում բալաբան:

«Պետք է լինի հստակ մշակութային քաղաքականություն: Ես առիթ ունեցել եմ ասելու` մշակույթի նախարարները համերգ կազմակերպելու համար չեն: Մեր մշակույթի նախարարները կոչված են մշակութային քաղաքականության ուղենիշեր տալու համար»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

ԱԺ պատգամավորի հավաստիացմամբ` հայկական պատվիրակությունը Բաքվում բարձրացել է ադրբեջանական դասագրքերում պատմության կեղծման և հայատյացության խորացման փաստերը` վկայակոչելով ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ անցկացված ուսումնասիրությունները:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով` այսօր ազգային ոչ նյութական ժառանգությունները պաշտպանելու և պահպանելու խնդիր ունենք:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել