Ի՞նչ իրավունքներ ունեն կասկածյալը և մեղադրյալը

Կասկածյալը և մեղադրյալը քրեական դատավարության մեջ հանդիսանում են` որպես պաշտպանության կողմեր և ունեն մի շարք դատավարական իրավունքներ:

ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի հոդված 62-ի համաձայն՝ կասկածյալ է այն անձը, որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով կամ ` որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:
Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից: Նշված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրենսգրքի հոդված 64-ի համաձայն `մեղադրյալը այն անձն է, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը ամրագրված է վերը նշված օրենսգրքի հոդված 19-ում, որի համաձայն` կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է համապատասխան դեպքերում գործին մասնակից դարձնել կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցչին: Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով: Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանի և օրինական ներկայացուցչի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում կասկածյալի և մեղադրյալի իրավունքները: Կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել