Որո՞նք են երեխայի գույքային և ալիմենտային իրավունքները

ՀՀ Ընտանեկան օրենսգիրքի 47 հոդվածի համաձայն երեխան ունի գույքային իրավունքներ, որոնք են՝ իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունքը, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու իրավունքը:

Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Տվյալ մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից: Վերը նշված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Ինչ վերաբերվում է անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքին օրենքով նախատեսված է, որ ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին: Իսկ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել