Ո՞րն է օրենսդիր մարմինների առաջնային խնդիրը

Օրենսդրական գործունեությունը Հայաստանում պետք է ավելի ճկուն և մասնակցային լինի: Այս մասին նշվում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում, որը ներկայացվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը կարևոր համարեց այս զեկույցը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և օրենսդիր գործենեություն ծավալող մարմինների աշխատանքի տեսանկյունից. «Ես ակնկալում եմ, որ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կիրականացվեն և այս գնահատումը նաև կայուն հիմք կստեղծի այդ աշխատանքների համար»,- ասաց դեսպանը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շեշտեց, որ գերատեսչությունը հետաքրքրված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված գնահատման զեկույցով. «Ես մեծ հաշվով համաձայն եմ զեկույցում առկա գնահատականներին հետ և հատկապես այն գնահատականների, որ ժամկետային սահմանափակումների ամրագման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ: Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին»,- ասաց նախարարը: Նա նաև անդրադարձավ օրինաստեղծ գործունեությանը՝ նշելով, որ ներակյումս կարևոր է, որ այդ գործունեության համար ստեղծվի անկախ մարմին՝ ՊՈԱԿ-ի կամ գիտակրթական մարմնի տեսքով:

Ցանկացած լուրջ օրենսդրական նախաձեռնություն պետք է սկսվի հայեցակարգի մշակումից և քննարկումից: Շեշտեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: Այս տեսանկյունից նա առանցքային համարեց շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն վերոնշյալ գործընթացին. «Նրանց մասնակցությունը հենց հայեցակարգերի քննարկման ժամանակ, չափազանց կարևոր է, որոնց ընթացքում են հիմնարար ուղղությունները որոշվում»,- ասաց նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ասաց, որ գործադիր և օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցություն է ստեղծվել: Նա նաև մի քանի խնդիրներ առանձնացրեց. «Սկզբնական ժամանակահատածում օրենսդրական գործունեության ընթացակարգերի շրջանակներում առաջին կամ երկրորդ ընթերցում անցնելուց հետո տեսնում ենք, որ շահագրգիռ անձիք, կազմակերպությունները նոր փորձում են հաշվի նստել իրողության հետ: Այս ուղղությամբ մենք ունենք լուրջ խնդիր, խոսքը վերաբերում է հայեցակարգային մոտեցումներին, այստեղ պետք է խորացնել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը»,- ասաց պատգամավորը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դրական գնահատեց, այն խնդիրների վերհանումը, որոնք արձանագրված են փաստաթղթում: Այդուհանդերձ նա շեշտեց, որ ներկայումս օրենսդիր մարմինը մեկուսացված է օրենսդիր աշխատանքից. «Ամենամեծ խնդիրը հենց սա է, Ազգային ժողովը կամավոր այս գործունեությունը զիջել է գործադիր մարմնին: Ամեն գերատեսչություն ինքն է մշակում այն մայր օրենքի նախագիծը, որով ինքը պետք է աշխատի, սա խայտառակություն է, յուրաքանչյուր գերատեսչություն այդ վերմակը ձգում է իր կողմը»,- նշեց պատգամավորը:

Տեղեկացնենք նաև, որ 87 էջանոց գնահատման զեկույցը հիմնվում է ԺՀՄԻԳ-ի 2013թ. կատարված Հայաստանի գործընթացի վերաբերյալ նախնական գնահատման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել