Նորամուծություններ Քրդատ նոր օրենսգրքի նախագծում. չկա մեղադրյալ, չկա քրեական հետապնդման հարուցում

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով`նախաքննությունն ունենալու է երկու ձև` ընդհանուր կարգով նախաքննություն և պարզեցված կարգով: Ընդհանուր նախաքննությունը իրականացվելու է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների դեպքում, իսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում` պարզեցված կարգով: Այս մասին լրագրողների համար Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

«Այս երկու ձևերի տարբերությունը ժամկետների, կատարվող գործողությունների ծավալի մեջ է, բայց եթե դատախազը գտնի, որ սա ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն է, բայց սա պարզեցված կարգով չի կարող ընթանալ, որովհետև լրացուցիչ շատ գործողություններ պետք է կատարվեն, ապա կարող է նախաքննությունը կատարվել ընդհանուր կարգով»,- ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով` Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախաքննությունը ժամկետ չի ունենալու, այլ լինելու է քրեական հետապնդման ժամկետ, իսկ քրեական հետապնդում հարուցվելու է բացառապես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման հիման վրա. քանի դեռ չունենք մեղադրյալ, չունենք նաև քրեական հետապնդման հարուցում:

«Այդպիսի կարգավորում ենք տվել, որպեսզի ժամկետների հոսքը կապվի անձի հետ, անձի ի հայտ գալու հետ: Կարծում եմ սա նախագծի հաջողված լուծումներից է, որովհետև Եվրոպական դատարանի հետ մենք անընդհատ խնդիրներ ենք ունենում ողջամիտ ժամկետի հետ կապված»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալը:

Նա տեղեկացրեց, որ մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելին, քան` երկու ամիս` ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով, չորս ամիս` միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով, ութ ամիս` ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով, տասը ամիս` առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով:

«Բացառիկ դեպքերի ժամկետների վերջանալուց հետո, երբ դատախազը կարող է քրեական հետապնդումը երկարացնել առավելագույնը երկու ամսով, քրեական հետապնդում այլևս չեն կարող իրականացնել»,- հայտնեց Արման Թաթոյանը:

Մասնագետի խոսքով` գործող օրենսգրքով նախաքննության առավելագույն ժամկետ չկա, այսինքն` կարող ենք 7 տարի նախաքննություն իրականացնել, 7 տարի էլ մարդուն կալանքի տակ չպահել, բայց որպես մեղադրյալ տանել-բերել: Նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է, որ եթե օրինակ` 7 տարի ես ուզում գործով նախաքննություն անել, ապա կարող ես, բայց այդ անձին չես կարող մեղադրյալի կարգավիճակով նշված ժամկետներից ավելի պահել:

 

Նունե Հովսեփյան

Լուսանկարը` justice.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել